Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել
Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից:
Նա այդ պաշտոնին կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ջոնաթան Լաքոտը սեպտեմբերի 15-ին կդառնա 45 տարեկան: Նա 2014 թվականի մարտից եղել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականը:
Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Նա տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:










