Սիրիական Ռաքքայի 22 թաղամասերից 15-ն արդեն ազատագրվել են ԻՊ-ից. «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորում

13:51 • 12.09.17

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի 22 թաղամասերից 15-ն արդեն ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, այս մասին գրում է demokrathaber.org կայքը՝ հղում անելով խմբավորման մամուլի խոսնակ Մուստաֆա Բալիի հայտարարությանը:

Նախօրեին ընդդիմադիր խմբավորման գրոհայիններին հաջողվել է ազատագրել Ռաքքայի Միրյուր թաղամասը:

Խմբավորումը նաև հայտնել է, որ ԻՊ-ն օգտագործում է կին զինյալներին որպես մահապարտներ, որոնք քաղաքն ազատագրող ուժերի դեմ որպես հակահարձակում ահաբեկչական պայթյուններ են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում:

Ըստ Բալիի՝ չնայած այս ամենին՝ ԻՊ-ի ջանքերը զուր են անցնում, և նրանք գնալով հայտնվում են ավելի մեծ շրջափակման մեջ:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը: