Ռուս զինվորական բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է ԱՊՀ-ի հարավում ահաբեկչական վտանգի ուժեղացման մասին
Ահաբեկչական վտանգն ահագնանում է ԱՊՀ-ի հարավային սահմաններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Սերգեյ Իստրակովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարկավոր է նշել, որ ժամանակակից մարտահրավերների և ԱՊՀ պետությունների անվտանգության սպառնալիքների վերլուծությունն ակնհայտ վկայում է, որ ահաբեկչական վտանգը պահպանվում է, իսկ ԱՊՀ հարավային սահմաններին այն անգամ մեծանում է»,- ասել է նա Բիշքեկում ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նիստի արդյունքներով:
Նա նշել է, որ կոմիտեի նիստի շրջանակում վերլուծվել են ընթացիկ տարում ԱՊՀ զինված ուժերի համագործակցության արդյունքները և համաձայնեցվել են մոտ հեռանկարում համատեղ միջոցառումները:
Կոմիտեից հայտնել են նաև, որ նիստի մասնակիցները քննարկել են միջազգային ահաբեկչությանը հակազդեցության հարցերը և Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության սպառնալիքները:










