Արմավիրում տղան փրկել է 13–ամյա կրտսեր եղբորը, ով հողամասում փորձել է կախվել. վիճակը ծայրահեղ ծանր է

11:07 • 13.09.17

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Արևիկ համայնքում 13 տարեկան տղան՝ Ն. Հ.-ն, փորձել է ինքնասպանություն գործել՝ իրենց հողամասում կախվելով: Նրան հայտնաբերել է ավագ եղբայրը և ձայն տալով պապին՝ երեխային արագ հասցրել են հիվանդանոց:

Այս մասին Tert.am-ին մանրամասնեց Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը:

Ըստ վերջինիս՝ երեխան նորմալ, հայկական ընտանիքից է, ծնողները գյուղացի մարդիկ են, ապրում են բերք աճեցնելով, երեխան ունի 2 եղբայր: Ինքը միջնեկն է:

Գյուղապետը միանշանակ բացառեց երեխայի՝ սիրո հողի, սոցիալական պայմանների կամ ինչ-որ աղանդի հարելու պատճառով ինքնասպանության փորձ անելու տարբերակը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, որտեղից Tert.am-ին տեղեկացրեցին, որ երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

Երևանյան հիվանդանոցից չպատասխանեցին, սակայն գյուղապետը նշեց, որ չնայած Ն.Հ-ի մոտ դեռ գիտակցություն չկա, որոշ դրական տեղաշարժ նկատվել է: