ԻՊ-ականները փախչում են Սիրիայից Թուրքիայի տարածքով. Guardian-ի անդրադարձը
Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում Սիրիայից փախչող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին, որոնցից շատերը, ինչպես պարզվում է, կաշառքի միջոցով կարողանում են հատել Թուրքիայի սահմանը:
Ըստ պարբերականի՝ ամիսներ առաջ ծնունդով Սաուդյան Արաբիայից ԻՊ-ի երկու պարագլուխ կարողացել է մուտք գործել Թուրքիա՝ վճարելով 2000-ական ԱՄՆ դոլար:
Սիրիայում զգալի տարածքներ կորցնել շարունակող ԻՊ-ի ահաբեկիչները Թուրքիա մտնելով փորձում են այնտեղից անցնել իրենց ծննդավայր՝ հիմնականում Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Միջին Արևելքի տարբեր երկրներ:
Guardian-ի հետ զրուցած ԻՊ-ականներից մեկն անկեղծացել է՝ պատմելով, որ բազմաթիվ զինյալներ իրենց խաբված են զգում և ջանում են օր առաջ լքել Սիրիան: Նրանք այլևս չեն հավատում իրենց պարագլուխներին և չեն վստահում նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը, որը շարունակում է մնալ Սիրիայի տարածքում:










