Իսրայելն աջակցում է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին. իսրայելցի նախարար
Իսրայելն աջակցում է Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեին և կոչ է անում ԱՄՆ-ին նույնպես աջակցել իրաքցի քրդերին իրենց այս որոշման հարցում, այս մասին հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը, գրում է Gazete Duvar կայքը:
Ըստ իսրայելցի նախարարի՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են էական շահ ունենալ Քուրդիստանի անկախությունից և չպետք է խոչընդոտեն գործընթացին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ նույնպես իր աջակցությունն էր հայտնել Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը՝ անկախության հանրաքվեի կազմակերպման հարցում:
Հիշեցնենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ:










