Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ  85 միլիոն ՀՀ դրամ

19:38 • 20.09.17

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին  Tert.am -ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

«Դահլիճի ձևավորում, տեխնիկական միջոցների վարձակալություն,   համույթներ,  երաժշտական, ձևավորում,  համաժողովի  տպագրական նյութերի պատվիրում՝ փաթեթներ,  բլոկնոտներ, և այլն»,-մանրամասնեց Ֆիրդուս Զաքարյանը:

Վերջինս չէր հիշում, թե որքան գումար է ծախսվել համաժողովին նախորդող օրը հրավիրյալների «Փարավոն» ռեստորանային համալիրում ընդունելության համար:

Նշենք, որ ռեստորանի ընտրությունը ֆեյսբուքյան որոշ օգտատերերի մոտ հարցականներ էր առաջացրել:

Մասնավորապես ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը հեգնանքով նկատել էր. « Հայաստան-Սփյուռք համաժողովը սկսվեց «Փարավոն» ճոխ համալիրի եգիպտոսապատկերներով լցված ճոխ դահլիճում, որի զակուսկաճոխ սեղանները նպաստում են ցավոտ խնդիրների լուրջ քննարկմանը: Հաջողություն մաղթենք համաժողովի աշխատանքներին...»:

Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց «Փարավոնը», ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանում ընդամենը երկու ռեստորանային համալիր ունեն նման մեծաքանակ հյուրեր տեղավորելու դահլիճային հնարավորություններ՝ մեկը «Փարավոնը», մյուսը՝ «Փարվանան»:

 

 

 

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ  85 միլիոն ՀՀ դրամ