Եվրամիությունում կոչ են արել չեղարկել Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով կայանալիք հանրաքվեն

14:45 • 20.09.17

Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին չանցկացնել շրջանի անկախության հարցով հանրաքվե և այն անվանել է ապակառուցողական քայլ: Այդ մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Եվրամիությունը հիշեցնում է Իրաքի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իր մշտական աջակցության մասին: Միակողմանի գործողությունները, ինչպիսին է առաջարկված հանրաքվեն, ապակառուցողական են, դրանցից պետք է խուսափել»,- հայտարարել է Մոգերինին:


Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունում է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների և Բաղդադի միջև չլուծված հարցերի առկայությունը և կարծում, որ դրանք պետք է լուծվեն «խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով»:


Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:


Այս շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել են հետաձգել հանրաքվեն: Նա հայտարարել է, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: