Դոմինիկան ավերելուց հետո «Մարիա» փոթորիկը հասել է Պուերտո Ռիկո (լուսանկարներ, տեսանյութ)
Ուժգնության 4-րդ մակարդակը ստացած «Մարիա» փոթորիկը, որն արդեն հասցրել է գրոհել Կարիբյան ծովում Դոմինիկա կղզի-պետությունն ու դառնալ 7 մարդու մահվան ու լայնամասշտաբ ավերածությունների պատճառ, հասել է Պուերտո Ռիկո:
Ինչպես նշում է The Independent-ը, փոթորիկը շարժվում է մոտ 200կմ/ժ արագությամբ: Պուերտո Ռիկոյի իշխանությունները նախազգուշացրել են, որ «Մարիա»-ն կթողնի աղետալի հետևանքներ՝ առաջացնելով սողանքներ ու ջրհեղեղներ:
Նշվում է, որ հազարավոր բնակիչներ արդեն տարհանվել են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Պուերտո Ռիկոյում:
«Պուերտո Ռիկոյին կհարվածի նոր հրեշավոր փոթորիկ: Զգույշ եղեք, մենք հոգով ձեզ հետ ենք ու կօգնենք»,-թվիթերյան էջում գրել է նախագահը:
Հիշեցնենք, որ վերջերս Պուերտո Ռիկոյով անցել էր ավերիչ «Իրմա» փոթորիկը:












