Արցախում չկա մի տարածք, որ վերադարձնես, և դա անվտանգությանը չվնասի. ազատամարտիկ (տեսանյութ)

14:14 • 20.09.17

Ազատագրված հողերում չկա մի տարածք, որ վերադարձնես, և դա Արցախի և Հայաստանի անվտանգությանը չվնասի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:

«Եթե ազատագրված տարածքներից մի կտոր էլ տրվի Ադրբեջանին, ապա մեր անվտանգությունը խաթարված է: Մենք տարածքներ չունենք տալու, անպետք տարածքներ չկան մեզ համար»,- նշեց Գագիկ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել էր ԼՂ ազատագրված տարածքների վերադարձի մասին: Նա մասնավորապես, հայտարարել էր. «Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու»:

Ազատամարտիկն անդրադարձավ նաև Ադրբեջանում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ այդ ամենը ուղղված է հենց Հայաստանի դեմ:

«Ադրբեջանն անընդհատ պատրաստվում է պատերազմի: Սա մենք բոլորս պետք է հասկանանք՝ առաջին դասարանի երեխայից մինչև զառամյալ ծերունի»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Ադրբեջանում մեկնարկել են այս տարվա ընթացքում արդեն երրորդ լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում է շուրջ 15 հազար զինծառայող:


Մանրամասները՝ տեսանյութում: