Լեհաստանում մեկնարկել են Dragon-2017 զորավարժությունները
Լեհաստանում չորեքշաբթի սկսվել են այս տարվա ամենախոշոր Dragon-17 զորավարժությունները, որոնց մասնակցում է Լեհաստանի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և այլ պետությունների ավելի քան 17 հազար զինծառայող և 3,5 հազար միավոր ռազմական տեխնիկա: Այդ մասին հայտնում է Ռադիո Լեհաստանը:
Dragon-17-ը լեհական զորավարժություններ են, որոնց մասնակցության համար հրավիրվել են ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան և Ռումինիան, Լիտվան, Լատվիան, ինչպես նաև Վրաստանը և Ուկրաինան:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Միխալ Դվորչիկի խոսքով՝ զորավարժությունների նպատակը սպառնալիքի իրավիճակում լեհական և օտար զորքերի համատեղ գործողությունների մշակումն է:
«Սցենարը ենթադրում է, որ հարևան պետություններից մեկը մտադիր է ստանալ մեր երկրի տարածքում ռեսուրսների հասանելիություն: Տեղի է ունենում քաղաքական իրավիճակի ապակայունացման փորձ, պետական և տեղական իշխանության մարմինների աշխատանքի խափանում: Տարածքը գրավելու փորձը ձեռնարկվում է հիբրիդ գործողությունների միջոցով»,- ասել է նա:
Դվորչիկը նշել է, որ չնայած դա հիպոթետիկ սցենար է, սակայն այն հիմնվում է իրավիճակների վրա, որոնք գրանցվում են վերջին ժամանակներս:
«Խոսքն, օրինակ, Ուկրաինայում իրավիճակի և Ղրիմի անեքսիայի մասին է»,- ասել է նա:










