Սաուդյան Արաբիան վերացնում է ինտերնետային ծրագրերով զանգերի արգելքը

19:14 • 20.09.17

Սաուդյան Արաբիան հինգշաբթի օրվանից ի վեր վերացնում է ձայնային և տեսակապի համար ծրագրերի օգտագործման արգելքը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է թագավորության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչ Ադիլ Աբու Հիմեդը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Նորմատիվ պահանջներին համապատասխանող ծրագրերը կեսգիշերից կլինեն հասանելի հեռահաղորդակցական ծրագրերի բոլոր օգտատերերի համար, այդ թվում այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են Snapchat-ը, Skype-ը, Line-ը, Telegram-ը, Tango-ն՝ բացառությամբ առանձին հավելվածների, որոնք չեն համապատասխանում նորմատիվ պահանջներին»,- նշել է նա:


Խոսելով ծրագրերի նկատմամբ պահանջներից՝ վարչության ներկայացուցիչը նշել է, որ առավել կարևոր պահանջները թագավորությունում օգտատերերի տվյալների մշակման ընթացակարգերի պարզությունն է և արտակարգ իրավիճակներում վարչության հետ համագործակցելու պատրաստակամությունը:


Աբու Հիմեդն ընդգծել է, որ ձայնային և տեսակապի ծրագրերի արգելքի վերացման մասին որոշումը համապատասխանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն տենդենցներին, և այդ, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններից եկամուտներ ստանալը ուղղություն է, որին պետք է ձգտեն թագավորությունում գործող օպերատորները: