Միջազգային դատարան չենք դիմում, որովհետև Հայոց ցեղասպանության հարցը դատարանի հարց չէ. ռումինահայ պատգամավոր
Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախկին նախարար, ռումինահայ պատգամավոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ռումինիայում առաջ տանելը բավականին դժվար է՝ պայմանավորված այդ երկրի և Թուրքիայի միջև եղած լավ հարաբերություններով: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այնուամենայնիվ հայ համայնքը շատ հարգված է Ռումինիայում, նպաստավոր պայմաններում է աշխատում:
«Սակայն երբ Հայոց ցեղասպանությանը հարցը բարձրացվում է, կուսակցությունները ձեռնպահ են մնում: Այս վերջին տարիներին, սակայն, որոշ քայլեր արել ենք: 2015-ին առաջին անգամ Ռումինիայի նախագահը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին, բայց, իհարկե, «ջարդ» բառն օգտագործեց»,- պատմեց նա:
Նրա խոսքով ՝պետք է հասկանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդի հետևանքների վերացումը:
«Եթե քաղաքակրթություն ես փչացրել, պետք է ստեղծես պայմաններ, որ այդ քաղաքականությունը վերապրի: Իսկ մեր դեպքում այդ վերապրումը եկեղեցիները, գերեզմանները, կալվածքները, տարբեր անհատների ունեցվածքները և այլն, և այլն, վերադարձնելն է: Հետևանքներ կան, դա պետք է հասկանալ: Դրա համար որքան էլ խորհրդարանները տան հայտարարություններ, դրանք լուծումներ չեն: Դրանք նոր քայլեր են: Լուծումն այն է, որ Թուրքիան ընդունի, ինչպես Գերմանիան է արել, որ հետևանքները ստուգենք, և մեր հայրենիքի ավանդույթները վերադարձնենք հայ ժողովրդին»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ հայաստանյան իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում իրենց «հույսը կապել են» սփյուռքյան համայնքների հետ, Վարուժան Ոսկանյանը պատասխանեց. «Ես մասնակցել եմ Սերժ Սարգսյանի հետ ժողովների Փարիզում, Երևանում: Ես կարծում եմ՝ Հայաստանն իր պարտականությունը կատարել է:
Հայաստանը պահանջեց, որ դիվանագիտական կապերը նորից հաստատվեն: Ուրեմն հիմա արձագանք Թուրքիայից պետք է լինի, Թուրքիան պետք է պատասխանի, մենք մուրացկան չենք, մենք այդ ժողովուրդը չենք, որ պարտվենք: Մենք Ցեղասպանության տարիներին չպարտվեցինք, փորձել ենք դիմադրել: Մենք սփյուռքի մեջ մեր տեսակետը կարող ենք հայտնել, բայց իշխանություններն էլ իրենց տեսակետը հայտնել են: Իհարկե պետք է դիվանագիտական աշխատանք էլ տարվի, պետք է ստիպել Թուրքիային, որովհետև մինչև Թուրքիան ժողովրդավար երկիր չդառնա... Առանց ստիպելու չենք կարող հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:
Հարցին, որ շատ է խոսում, թե ինչու Միջազգային դատարան չենք դիմում և պահանջներ չենք ներկայացնում Թուրքիային, Վարուժան Ոսկանյանը պատասխանեց․ «Անկեղծորեն ասեմ՝ դա շատ նուրբ հարց է, որովհետև եթե դիմես և չհաջողես, Թուրքիան կարող է պահանջել, որ այդ ֆայլը դեն նետվի: Մենք դատարան չենք գնում, որովհետև դա դատարանի հարց չէ: Մեզ համար դատարան գնալն այն է, որ պետք է դատարան գնաս և փաստեր ներկայացնես, որ Ցեղասպանություն է եղել: Մենք դատարանի որոշման անհրաժեշտություն չունենք: Միջազգային դատարանները չեն կարող երկրներին ստիպել, այլ պետք է անհատներին ստիպեն: Դրա համար մենք չենք գնում դատարան: Պատմության դատարանն արդեն որոշել է, որ ցեղասպանություն եղել է»:
Վարուժան Ոսկանյանի խոսքով՝ եթե Հայոց ցեղասպանության հարցը պետք է դատարանը որոշի, ապա դա պետք է ՄԱԿ-ը լինի: «Եվ ՄԱԿ-ի որոշման հիմա վրա պետք է Թուրքիան ստիպած լինի հետևանքները վերացնել»,- նշեց նա:
Վարուժան Ոսկանյանը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ռումինիայում եղած տրամադրությունների մասին. «Ռումինիայի իշխանությունները շոշափում են այդ հարցը, որովհետև այստեղ էլ փոքրամասնություններ են ապրում՝ երկու գավառների մեջ՝ երկրի ճիշտ մեջտեղում (նկատի ունի Տրանսիլվանիան- Հ․ Հ․): Իշխանությունները մտածում են, որ եթե քաջալերեն Արցախի ինքնորոշումը, արդեն հունգարացիներն էլ կասեն, որ եթե Արցախի համար համաձայն եք, մեզ համար էլ պետք է համաձայն լինեք»:










