Մեխիկոյում 20 մարդու են փրկել քանդված շենքի փլատակների տակից. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 250-ի
Մեքսիկայի մայրաքաղաքում փրկարարներին, զինվորականներին և կամավորներին հաջողվել է փլուզված շենքի փլատակների տակից դուրս բերել 24 մարդու: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեխիկոյի սոցիալական զարգացման նախարարությանը:
Ալվարո Օբրեգոնի անվան պողոտայում գտնվող բնակելի շենքը փլուզվել է երեքշաբթի տեղի ունեցած 7.1 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի հետևանքով, որը խոցել է երկրի կենտրոնական շրջանները:
Հատուկ որոնումների համար պատրաստված շները ազդանշաններ են տալիս, թե որտեղ կարող են կենդանի մարդիկ լինել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, փրկարարական աշխատանքներ են տարվում նաև փլուզված դպրոցի տարածքում, որի փլատակների տակից 21 երեխայի և 4 մեծահասակի մարմին են հայտնաբերել: Նրանք փորձում են դուրս բերել ողջ մնացած մի աղջկա, որը ձայն է տալիս փլատակների տակից և ջուր է խնդրում:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի:
Հիշեցնենք, որ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:










