ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ. Էդվարդ Նալբանդյան
Մեր շփումները, հանդիպումները, երկխոսությունները պարբերական բնույթ են կրում. Արտաքին գործերի նախարարությունում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանիի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ այս տարի արդեն 5 հինգ անգամ հանդիպել են:
«Այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշեց, որ ԵՄ-ն նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, նպաստում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրապնդմանը և դատական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին:
«Ես կցանկանայի հատուկ ընդգծել մեր համագործակցությունը նախորդ տարի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համապատասխան վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Հայաստանը միացավ «Հորիզոն 20-20»-ին, ավարտվեցին «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ, ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու մասին բանակցությունները, ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը:
Էդվարդ Նալբադյանը նշեց, որ ցանկանում է ընդգծել, որ արդեն նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ»,- ասաց նա՝ նշելով, որ Յոհանես Հաանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել:
Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ Եվրոպացի պաշտոնյայի քննարկել է տարածաշրջանային խնդիրները՝ մերձավորարևելյան իրավիճակը, զարգացումները Սիրիայում:
«Պարոն Հաանին ներկայացրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման մասին: Պարոն Հաանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ և ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,-ասաց նա։










