Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օդանավերում քաղաքացիական հագուստով զինված իրավապահների գտնվելու մասին օրենքը
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրքական որոշ օդանավերում զինված իրավապահների գտնվելու մասին օրենքին, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Օդանավերում գտնվող քաղաքացիական հագուստով իրավապահներն, ըստ այդ օրենքի, պետք է պաշտպանեն ուղևորներին ահաբեկչական վտանգից:
Օրենքը կտարածվի այն ավիաչվերթների վրա, որոնց վերաբերյալ հատուկ ծառայություններն ահաբեկչական վտանգի առկայության մասին տեղեկություններ ձեռք բերած կլինեն: Անվտանգության աշխատակիցներն իրենց տեղը կզբաղեցնեն օդանավի հետևի նստատեղերում, կկրեն քաղաքացիական հագուստ, իսկ զենքի առկայությունը կքողարկվի՝ ուղևորների շրջանում խուճապ չառաջացնելու նպատակով:
Թուրքիան պատրաստվում է առավել ուշադիր հետևել հատկապես Իրանից, Իսրայելից և ԱՄՆ-ից Թուրքիա ժամանող օդանավերին:
Օրենքը միանշանակ արձագանք չի գտել և որոշ քննադատությունների է արժանացել թուրքական մամուլում: Շատերը փաստել են, որ զենքի կրումն օդանավերում այդքան էլ անվտանգ չէ և կարող է տեխնիկական խնդիրների պատճառ դառնալ:
Նշվում է, որ քաղաքացիական հագուստով զինված իրավապահների՝ օդանավերում ծառայություն իրականացնելու փորձն առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում՝ 1960-ական թվականներին:










