Կարող էինք ունենալ ևս 150 կմ կառուցված ճանապարհ «Հյուսիս-հարավից», բայց սոցիալական խիստ լարվածություն, այդ պատճառով գերադասեցինք կայունությունը. Նախագահ

00:59 • 15.12.17

«Հյուսիս-հարավ» ճանապարհը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, և այս առումով գիտակցված պետք է մոտենանք ծրագրին: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր նման հայտարարությունն է արել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ կապված խնդիրներին:

Անդրադառնալով Արտակ Ալեքսանյանի դիտարկմանը, որ մինչ Ադրբեջանը շահագործման հանձնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այժմ արդեն բանակցություններ են գնում ՌԴ-ն և Իրանն իրար կապելու մասին, և ճանապարհի կառուցման մեկնարկից մինչև հիմա  նախագիծը մոտ 2 անգամ թանկացել է, արդյոք գումարները կհերիքե՞ն այն ավարտելու համար, Նախագահ Սարգսյանը պատասխանել է.

«Իհարկե կհերիքեն։ Նախ` պետք է ասել հետևյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, և այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկատնտեսական հաշվարկների վրա, որովհետև դա խոշոր ծրագիր էր և ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, և այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։ Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապառից, չգիտեմ, ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ և այլն, դրա համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա առաջին հանգամանքը։ Երկրորդ՝ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի և բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որևէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք այստեղից գնացեք, մենք այստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաև Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։

Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ այդպես է։ Ճիշտ այդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթական են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»։