Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունն աշխատողների 90%-ի վրա դրական կամ զրոյական է ազդել. ՊԵԿ հարկային խորհրդի անդամ
Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունն աշխատողների 90 տոկոսի վրա դրական է ազդել կամ որևէ ազդեցություն չի ունեցել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:
Նա ներկայացրեց 2018թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգրքով եկամտահարկի դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը վարձու աշխատողների աշխատավարձերի վրա, ըստ որի՝ մինչև 279 հազար դրամ եկամուտ ունեցողների վրա փոփոխությունը կամ դրական է, կամ զրոյական:
«Շատ պարզ մաթեմատիկական հաշվարկ ենք արել և ստացել ենք այն սահմանային կետը, որի ժամանակ ինքը դառնում է նույնը, զրոյանում է տարբերությունը: Այսինքն՝ մինչ այդ գումարին հասնելը եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը դրական է ազդում աշխատողի վրա, դա 279 հազար դրամն է»,- հայտնեց Վահագն Համբարձումյանը:
Նրա տվյալներով՝ Հայաստանում պետական և մասնավոր հատվածում կա 600 հազար վարձու աշխատող, որոնց 90 տոկոսը մինչ 279 հազար դրամ աշխատավարձի սանդղակում է: Այսինքն՝ եկամտահարկի փոփոխության ազդեցությունը 90 տոկոսի վրա դրական կամ զրոյական է ազդում:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, ըստ որի փոխվել են եկամտահարկի դրույքաչափերը: Նախկինում մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը կամում էր 24.4 տոկոս, 120 հազարից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 26 տոկոս, և 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 տոկոս: Այժմ 120 հազար դրամ աշխատավարձի սահմանաչափը բարձրացվել է մինչև 150 հազար դրամ և եկամտահարկը նվազել է 24.4 տոկոսից՝ դառնալով 23 տոկոս: 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամը հարկվում է 28 տոկոսով, նախկին 26-ի փոխարեն: Իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկի դրույքաչափը փոփոխության չի ենթարկվել:
«Մինչև 279 հազար դրամը եկամտային հարկը նվազել է, այսինքն, 279 հազար դրամ աշխատավարձ ստացողի վրա ազդեցությունը զրո է: Այո, մյուս 10 տոկոսի վրա բեռ է ավելանում է, բայց քանակային հաշվենք՝ 1 մլն դրամի վրա ազդել է 14 հազար դրամ: Ես չեմ ժխտում, որ այն իրականում ազդում է, բայց ընդհանուր առմամբ, 600 հազար վարձու աշխատողների 90 տոկոսը մտնում են 279 հազար դրամի տակ»,- ասաց Վահագն Համբարձումյանը:
Նրա հաշվարկով՝ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողի վրա հարկային բեռն ավելանում է 420 դրամով, 500 հազարի դեպքում 4400 դրամով, իսկ մինչև 2 մլն դրամի աշխատավարձի դեպքում ազդեցությունը լինում է 34 400 դրամի չափով:










