Բանակցություններին խոչընդոտում են հիմնականում Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքները դրանց ելքից. Սերժ Սարգսյան
Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, բայց այստեղ խնդիրն այն է, որ այդ ցանկությունների միջև գերհսկայական տարբերություն կա:
Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատասխանելով գերմանացի պատվիրակի` հակամարտության լուծման վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ի՞նչ կարող եք դուք անել, ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ես կարծում եմ, որ բանակցությունների խոչընդոտը հիմնականում հանդիսանում է Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքները բանակցությունների ելքից: Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվելու պատրանքներից և գալու իրատեսական դաշտ, ապա մենք, կարծում եմ, կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Իրոք, այս կոնֆլիկտը խոչընդոտում է մեր ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ, և իրոք անհրաժեշտություն կա, որպեսզի այս հակամարտությունը կլուծվի»,-ասաց Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ բանակցային պրոցեսին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում.« Ինչպես գիտեք 2016 թվականին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց` նպատակ ունենալով զենքի ուժով իր կազմ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը:
Դրանից հետո մենք ունեցանք հանդիպումներ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Ժնևում, և այդ հանդիպումներին առաջին երկուսին գոնե մասնակցում էին շատ բարձր մակարդակով պաշտոնյաներ, միջնորդներ՝ համանախագահող երկրներից: Մենք եկանք պայմանավորվածության, որ բանակցությունները շարունակելու լավագույն միջոցը վստահության որոշակի էլեմենտներ ստեղծելն է, և այդ առումով որոշեցինք ստեղծել հրադադարի խախտումների հետաքննման միջազգային մեխանիզմ, ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և գործիքակազմը, թուլացնել լարվածությունը, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»:
Թե ինչո՞ւ չիրականացան պայմանավորվածությունները, Սերժ Սարգսյանն ասաց, որ հանդիպումներից անմիջապես հետո Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնական բերանից հնչեց այն հայտարարությունը, որ դա իրենց հայտարարությունը չէ, դրանք համանախագահների հայտարարություններն են, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն իրենց ներքին գործն է:
«Այսպիսի պարագաներում,իհարկե, ակնկալել շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ: Պատասխանելով Ձեր հարցին` ասեմ, որ մենք խնդրում ենք բոլորին՝ կողմերին բերել իրատեսական դաշտ»,-եզրափակեց Նախագահը:










