Հայաստանի տարածքով Աֆղանստան հասնել փորձած ԻՊ-ի անդամը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

15:49 • 24.01.18

ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանը 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել տաջիկին, որը փորձել է Հայաստանի տարածքով հասնել Աֆղանստան և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոյի խոսքը:

«Դատարանը համոզիչ է համարել մեղադրող կողմի ապացույցներն առ այն, որ Դոնի Ռոստովում բնակվող ծնունդով Տաջիկստանից Աբդուրահիմ Մուհիդինովը, պատրաստվելով միանալ «Իսլամական պետության» ստորաբաժանմանն Աֆղանստանում, հաղորդել է իր տվյալները հավաքագրողին, համաձայնեցրել նրա հետ իր երթուղին դեպի Աֆղանստան, ինչպես նաև ձեռք բերել Երևան ուղղությամբ ավիատոմս», - ասել է Կատկալոն:

Նշվում է, որ Աբդուրահիմ Մուհիդինովը ձերբակալվել է Հայաստան ուղևորվելու փորձի ժամանակ՝ 2017 թվականի հունիսի մեկին Դոնի Ռոստովի օդանավակայանում սահմանային հսկողություն անցնելիս:


Նա իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։