«Ռուս զինվորներն ինչի՞ դիմաց թողեցին դուրս եկան քաղաքից». Աֆրինի բնակիչները հուսալքված են և արտագաղթելու տեղ չունեն
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկից ի վեր տեղի բնակիչների շրջանում զանգվածային արտագաղթ դեռևս չի նկատվում. մարդիկ հիմնականում գյուղերից գալիս են Աֆրինի վարչական կենտրոնը համարվող նույնանուն քաղաք։ Այստեղ քուրդ բնակչությունը նախապես պահեստավորել է մեծ քանակությամբ սնունդ, իսկ քաղաքացիական անձինք սկսել են զինվել, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Աֆրինից դուրս չգալու հիմնական պատճառները քաղաքական են. և՛ Թուրքիայի, և՛ սիրիական բանակի, և՛ իսլամիստական խմբավորումների հետ խնդիրներ ունեցող քրդերը որևէ այլ տեղ ապաստան գտնելու հնարավորություն չունեն:
Աֆրինի բնակիչները լրագրողներին պատմել են, որ դեպի Հալեպ տանող ճանապարհը հսկում են շիա զինյալներն ու սիրիական բանակը, որոնք թույլ են տալիս անցնել միայն սնունդ տեղափոխող բեռնատարներին:
«Մարդիկ չեն կարող գնալ հյուսիս, այսինքն՝ Թուրքիա, սահմանին կարող են ռմբակոծության զոհ դառնալ, Իդլիբ չեն կարող գնալ, քանի որ իսլամիստ ընդդիմադիրների կողմից լավ չեն ընդունվի, Ասադի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածք էլ չեն կարող գնալ, քանի որ երկար տարիներ է՝ խնդիրներ ունեն Սիրիայի իշխանությունների հետ»,- պատմել է տեղացիներից մեկը:
Աղբյուրը նշում է, որ Աֆրինի փողոցներում շարժը զգալիորեն նվազել է, խանութների մեծ մասը փակ է, ցերեկային ժամերին երբեմն բացվող խանութներն էլ փակվում են երեկոյան:
Ամենամեծ հուսալքությունն ու հիասթափությունն աֆրինցիները վերապրել են հատկապես Ռուսաստանի գործողություններից։
«Ռուս զինվորներն ինչի՞ դիմաց թողեցին դուրս եկան քաղաքից՝ չենք հասկանում»,- գանգատվել է Աֆրինի բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:










