Բելգիայում իրավապահների վրա դանակով հարձակված տղամարդն Աֆղանստանից փախստական է եղել

12:58 • 24.01.18

Բելգիայում իրավապահների վրա հարձակում գործած տղամարդու ինքնությունը պարզվել է, նա 28-ամյա աֆղանստանցի փախստական է, որը հոգեկան խնդիրներ ունի, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ընդ որում՝ չկան հստակ տեղեկություններ այն մասին, որ տղամարդը ենթարկվել է ծայրահեղական քարոզչության: Դեպքի առիթով տարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ Բելգիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գենտ քաղաքում երկաթուղային տրանսպորտի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել զենք կիրառել իրենց դանակով սպառնացող քաղաքացու նկատմամբ:

Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հաջորդ օրն այն բանից հետո, երբ երկրում իջեցվել է ահաբեկչական վտանգի մակարդակը:

2016 թվականի մարտի 24-ից Բելգիայում գործում էր ահաբեկչական վտանգի երրորդ մակարդակը: Նույն թվականի մարտի 22-ին՝ Բրյուսելի մետրոյում և օդանավակայանում ահաբեկչական հարձակումներից հետո, երկրում գործել է ահաբեկչության ամենաբարձր՝ չորրորդ մակարդակը: