«Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեծ հույս է ներշնչում 2 երկրների հարաբերությունների զարգացման հարցում». Սերժ Սարգսյանի հարցազրույցը L’Express-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեծ հույս է ներշնչում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ֆրանսիական L’Express պարբերականի հետ զրույցում:
«25 տարի է, ինչ Հայաստանը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, որոնք ամեն տարի շարունակում են խորանալ: Մեր ժողովուրդները կապված են եղել դարեր շարունակ, այս կապը է՛լ ավելի է ամրապնդվել վերջին տարիների ընթացքում՝ հատկապես տնտեսական, մշակութային, գիտական և կրթական ոլորտներում»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ֆրանսիական կրթությունը մեծ ներկայություն ունի Հայաստանում՝ նախադպրոցական դասավանդումից մինչև համալսարաններ:
«Ես կհավելեի, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այն կարևորագույն գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Անցած տարվա նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը մեզ համար բոլորովին նոր հնարավորություններ և հեռանկարներ է ստեղծում: Այս համաձայնագրի արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ֆրանկոֆոնիան շատ կարևոր է մեզ համար, այն մեր տարիների դիվանագիտական գործողությունների գագաթնակետն է և ամենամեծ համաշխարհային իրադարձությունը, որ մենք կազմակերպել ենք: Մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել աշխարհին, մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Աշխարհի երկրների գրեթե կեսը ներկա է լինելու Երևանում, հիմնականում՝ պետության և կառավարության ղեկավարների մակարդակով»:










