Հայաստանի և Իրանի միջև կայուն քաղաքական երկխոսություն է պահպանվում. Սերժ Սարգսյանի հարցազրույցը L’Express-ին
Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, երկու երկրների միջև կայուն քաղաքական երկխոսություն է պահպանվում, տեղի են ունենում կանոնավոր փոխայցեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ֆրանսիական L’Express պարբերականի հետ զրույցում:
«Մեր հարաբերություններն Իրանի հետ, երկիր, որի հետ մեր կապերը 2 հազար տարվա պատմություն ունեն, կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Մենք կայուն քաղաքական երկխոսություն ենք պահպանում, տեղի են ունենում կանոնավոր փոխայցեր»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է նաև, որ Թեհրանը միշտ չեզոք և հավասարակշռված դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ:
«Չնայած Ադրբեջանի փորձերին՝ շահարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրոնական գործոնը՝ Իրանի հետ մեր օրինակելի հարաբերություններն ապացուցում են, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին և նրանց մշակույթը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով Իրանի միջուկային հավակնությունների մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի տեսանկյունից «կառուցողական մոտեցում» է՝ ուղղված խաղաղությանը:
«Ես ուրախ եմ, որ Ֆրանսիան աջակցում է այդ համաձայնագրին, ինչպես այդ մասին հստակ հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը»,- ասել է Սերժ Սարգսյանը:










