Կարծես Նաիրիտի հոտը գար, սրտխառնոց, գլխացավ էր բռնել մի քանի ժամ. Արեշի բնակիչներ (տեսանյութ)

13:35 • 24.01.18

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 23-ին՝ ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ և անհրաժեշտ է օգնություն:

Tert.am-ը զրուցել է Արեշի բնակիչների հետ, որոնք պատմեցին, որ կոյուղուց եկող հոտը տներն էր լցվել, ինչի արդյունքում իրենց ինքնազգացողությունը նույնիսկ վատացել է:

«Տանը շատ ուժեղ հոտ էր գալիս, մենք էլ փոքր երեխաների տեր ենք: Անցքերը փակեցինք, որ տուն չլցվի, ջուր էին լցնում, բայց չէր օգնում: Ոնցվոր էն Նաիրիտի հոտը գար, որ մի ժամանակ գալիս էր: Սրտխառնոց, գլխացավ էր բռնել մի քանի ժամ, պատուհանները բացել էինք, բայց տան մյուս կողմից էր հոտը, չէր օգնում»,- պատմեց Հերիքնազ Գասպարյանը՝ հավելելով, որ մինչև հիմա աչքերը մրմռում են:

Կնոջ խոսքը շարունակեց նրա ամուսինը՝ Աշոտ Գասպարյանը, և հավելեց, որ վերջին 3 օրն այս հոտը գալիս է, սակայն երեկ հոտը խեղդող է եղել:

«3 օր ժամը 20-21-ին ուժեղանում էր, հետո՝ անցնում: Բայց մինչև հիմա հոտը մեջն է, ճիշտ է երեկ ԱԻՆ-ը եկավ ու լվացին ժամերով, մաքրեցին, բայց մեկ է՝ հոտը թեթև գալիս է։ Ապրեն ԱԻՆ-ին աշխատակիցները՝ ժամերով աշխատեցին»,- նշեց Աշոտ Գասպարյանը:

Բնակիչներն իրենց ենթադրություններն ունեն՝ մտածում են, որ ինչ-որ մեկը գազաբալոն է լվացել և լցրել կոյուղին։ «Ինձ թվում է՝ գազի բալոնները, որ կան, այդ ժիտկի հեղուկն են լցրել կանալիզացիա»,- հավելեց Վլադ Ազարյանը:

Ռազմիկ Ենգիբարյանն էլ նշեց, թե ինքն ածխաթթու գազի հոտը 3 օր չի զգացել։  «Ես զգացի, որ ոնցվոր հեղուկ գազի հոտ լիներ, երևի բալոն են լվացել ու լցրել կանալիզացիան, ու բոլոր տեղերից դուրս էր եկել»,-շարունակեց բնակիչը:

Տեղում աշխատում էին «Գազպրոմ»-ի աշխատակները, որոնք տեսախցիկի առջև չխոսեցին: Սակայն բնակիչները պատմեցին, որ նրանք եկել էին ստուգելու՝ արդյո՞ք գազի արտահոսք կա, սակայն այստեղ ստորգետնյա գազի խողովակ չի եղել:


Մանրամասները՝ տեսանյութում:

ՀեղինակԱնի Օհանյան