Հույս ունեմ, որ մի օր ՀՀ-ում ընտրություններին հարկավոր չեն լինի տեսախցիկներ, նույնականացում, ցուցակների հրապարակում․ Պ. Սվիտալսկի

12:30 • 24.01.18

ԵՄ-ն պատրաստ է համագործակցել հայաստանյան բոլոր գործընկերների հետ ընտրական գործընթացների բարելավման հարցում. նախորդ տարի անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի դիտորդական առաքելության զեկույցի ներկայացման ժամանակ այսպես ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք չենք պարտադրում ոչինչ, կառուցողական կարձագանքենք ցանկացած հրավերի, կարևոր է այս ջանքերը որպես շարունակական գործընթաց դիտելը: Մենք քաջալերում ենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին՝ նախապես մտածել՝ մինչ հաջորդ ընտրական գործընթացը»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ տեղյակ է՝ որոշ քաղաքական կուսակցություններ աշխատում են ընտրական գործընթացի զարգացման իրենց տեսլականի ուղղությամբ, դա քաջալերող է, բայց դրանք պետք է օրենսդրական կարգավորում ստանան:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց նաև, որ խրախուսում է կոնտակտային շփման պահպանումն այն գործընկերների հետ, ովքեր եղել են ընտրությունների ժամանակ, ինչպես նաև կոալիցիայի ձևավորումը:

«Մենք բոլոր նախաձեռնություններին կոչ ենք անում միավորել ջանքերը: Ակնհայտ է՝ նրանց նպատակն ընդհանուր է, որն է՝ ժողովրդավարական երկրում առկա համակարգերը հիշեցնող համակարգ ձևավորելը»,- ասաց նա:

Պյոտր Սվիտալսկին նաև հավելեց, որ հույս ունի, որ վստահության մթնոլորտի ձևավորման արդյունքում մի օր Հայաստանին պետք չեն լինի տեսախցիկներ, նույնականացում, ցուցակների հրապարակում: «Հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ»,- նշեց նա: