Չափազանցվում է ՌԴ–ի հետ համագործակցության դեպքում ԱՄՆ պատժամիջոցների վտանգը, թեև դա չպետք է անուշադրության մատնենք. Շ. Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ լրատվամիջոցների տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունն զգուշացրել Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում, հնարավոր է, պատժամիջոցների հարց առաջանա:
Նա նշեց, որ ծանոթ չէ փաստաթղթին և չի կարող մեկնաբանել: «Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,-ասաց նա և նշեց, որ չկա հասունացած հարց, որը պահանջի բանակցություններ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի հետ:
Հարցին, թե ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարո՞ղ են ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ արեց առաջ չընկնել:
«Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է»,-ասա նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարարների՝ ԱՄՆ «նախազգուշական ցուցակում» հայտնվելուն՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի անունն է հնչում, Շավարշ Քոչարյանը նախ նշեց, որ պետք է ճշտել՝ մամուլի հրապարակումները մի բան են, ԱՄՆ ցուցակը՝ այլ բան, և իր տեղեկություններով՝ նշված անձինք չկան:
Անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների, և նշվում է, որ չկա երկու կողմերի պատրաստակամությունը փոխզիջումների գնալու, Շավարշ Քոչարյանն ասաց, որ այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: «Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանը նաև նշեց, որ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ով ինչի է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:
«Համենայնդեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն նկատել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,- ասաց նա:










