«Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցել, հասցված վնասը փոխհատուցել և հանքի շահագործումը դադարեցնել ընդհանրապես. քննարկում (տեսանյութ)

13:50 • 26.02.18

«Անպատասխանատու հանքարդյունաբերություն. ո՞վ է կանխելու Թեղուտի աղետն ու վերականգնելու ավերված բնությունը» թեմայով հանրային քննարկում էր հրավիրվել, որի ժամանակ հայտարարվեց, թե Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնել ընդհանրապես, «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ քրեական գործ հարուցել, հասցված վնասը փոխհատուցել  շահագործող «Վալլեքս» ընկերության շահույթների հաշվին, քանի որ Դեբեդ գետ է բաց թողնվել հոսքաջրեր, ինչը անթույլատրելի է:

Թեղուտի հանքավայրի շահագործումը թե ինչու է իրականում դադարեցվել, ինչ խնդիրներ կան, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հայտարարեց, թե ոչ ոք չի կարող ասել,  քանի որ հասկանալու համար պետք է լինեն իրազեկված, մինչդեռ փաստացի չունեն տեղեկատվություն ո՛չ շահագործողից և ոչ՛ էլ պետական կառույցներից, իսկ տրված տեղեկություններն էժանագին մանիպուլյացիաներ են:

Լևոն Գալստյանը նշեց, թե արված հետազոտությունների արդյունքում, բացի տնտեսական խնդիրներից, որոնք և մատնանշվել են, շահագործումը դադարեցվել է, քանի որ պոչամբարի պատվարի կայունության հարցը կա: «Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը: Յուրաքանչյուր պահ կարող է պոչամբարը քանդվել»,- ասաց նա: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ Ռաֆայել Աֆրիկյանը տեղեկացրեց, որ երբ շահագործող ընկերություն «Վալլեքս  գրուպը» հայտարարեց, թե 1200 աշխատողներ կրճատվում են, և ֆինանսական պատճառներ նշեցին, իրենց համար այդ հայտարարությունը տարօրինակ էր, քանի որ 30 մլրդ դոլարանոց ծրագիրը չէր կարող խնդիրներ ունենալ, այն էլ այն դեպքում, երբ հանքանյութի գները միջազգային շուկայում աճում են:

«Գնացինք տեղում տեսնելու՝ ինչ իրավիճակ է, «դրոնի» միջոցով նկարել ենք հանքն ու պոչամբարը, հանքը իրոք չէր շահագործվում այդ պահին, բայց պոչաջրերի մակարդակը հասել է պոչամբարի ծայրերին, մի փոքր պոչանք ավելանա, ամբարտակի վրայից թափվելու է»,-ասաց նա և նշեց, որ պոչամբարի ներքևում են գտնվում Թեղուտ և Շնող գյուղերը:

Ռաֆայել Աֆրիկյանը նշեց, թե իրենք ամբարտակի վրա ճաք չեն տեսել,  բայց տեղացիներն ասել են, որ խողովակներ կան, և պոմպի միջոցով պոչը թափվում է Դեբեդ գետը: ՀԿ ներկայացուցիչն ասաց, որ նկարել են, որ գետնի տակից խողովակ է դուրս գալիս, և երեկոյան ժամերից մինչև գիշեր մեծ ծավալով պոչաջրեր թափվում էին ուղիղ Դեբեդ: 

Թե խողովակները ուր էին տանում, չեն կարողացել ֆիքսել, քանի որ գետնի տակով էր տարվում և Ախթալայի պոչամբարից ուղիղ թափվում էր գետ: ՀԿ անդամը նշեց, թե զանգել են բնապահպանության և բնօգտագործման վարչություն, որտեղից ասել են, թե դեռ ուսումնասիրում են, բայց պնդել են, թե դադարեցվել է Դեբեդ գետ թափվող պոչանքը, այն դեպքում, երբ իրենք իրենց աչքով տեսնում էին, որ շարունակվում է թափվել:

Ի դեպ, քննարկմանը տեսչական մարմնից ներկայացուցիչ չէր եկել՝ պատճառաբանությամբ, թե դեռ ուսումնասիրում են և դեռևս ասելիք չունեն:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը պաշտոնական փաստաթղթերով  էր եկել՝ ընկերության և պետական գերատեսչության միջև կնքված պայմանագիրը, փորձագիտական եզրակացությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից արդյունահանման ծավալների վերաբերյալ: Ըստ նրա` հանքը շահագործվել է 2014-ի վերջից, և երեք տարում 25 մլն տոննա հանքաքար է արդյունահանվել: Միաժամանակ, ըստ նրա, պոչամբարի ծավալը 174 մլն խորանարդ մետր է:

«Այսինքն՝ այն ծավալը, որն արդյունահանվել է, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ պոչամբարի վրա, էլ ուր մնաց եզրը լցվել, այսինքն՝ այստեղ միանշանակ կոռուպցիայի հարց է գալիս»,-ասաց նա և նշեց, որ հաշվի առնելով արձանագրված փաստը, որ պոչամբարը լցված է՝ նշանակում է՝ կա՛մ պոչամբարի ծավալները շատ ավելի փոքր են, կա՛մ արդյունահանման ծավալները խելագար ավելի շատ են եղել, այսինքն՝ ինչ-որ բան ճիշտ չէ:

Բացի դրանից, նա հղում կատարեց շահագործման պաշտոնական թույլտվությանը և փաստեց, թե պայմանագրի ժամկետը ավարտված է: «Հանքավայրը պայմաններով չի շահագործվել, պայմանագրի ժամկետը ավարտվում է 16-ին, նոր պայմանագիր չեն տվել, իսկ պետական մարմինները որևէ քայլ չեն իրացրել՝ պարզելու, թե ինչ իրավունք ունեն շահագործելու, եթե թույլտվություն չկա»,- ասաց նա և եզրակացրեց, որ պատճառը պարզ է. գործում է կոռուպցիոն մեխանիզմ, պաշտոնատար մարդիկ են ներգրավված, որոնք և՛  շահագործողն են, և՛ թույլատրողը, և՛ վերահսկողը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, թե ինքը իր գործընկեր Գևորգ Գորգիսյանի հետ գնացել է Թեղուտ, ցանկացել մտնել ընկերություն, սակայն  թույլ չեն տվել ներս գնալ:

«Ոչ թափանցիկ մոտեցումը կասկածներ է առաջացնում, հանրությունը պետք է իմանա՝ բնապահպանական է խնդիրը, թե տնտեսական: Թեղուտը դարձել է հանքարդյունաբերական ավան, մարդիկ կախված են ընկերության քմահաճույքներից կամ հնարավորություններից և պարտավոր են տեղյակ պահել՝ ինչ է կատարվում ներսում»,- ասաց նա և ինքն էլ նշեց, թե իրենց Բնապահպանական տեսչության ղեկավարն ասել էր, որ բնապահպանական խնդիր չկա, ընկերությունն ուղղակի դադարեցրել է աշխատանքները, քանի որ մտադիր է ընդլայնել: «Ինչը չեմ կարող արժանահավատ համարել, քանի որ պաշտոնական չէր: Ախթալայում բոլորի աչքի առաջ տեղի է ունենում հանցագործություն, հոսքաջրերը թափվում են գետը, լավագույն դեպքում տուգանքներ են նշանակվում, և ո՛չ հետևանքներն են վերացվում, ո՛չ պատճառները»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե իհարկե ԱԺ-ը կարող է շատ բան անել, սակայն չի անի՝ հաշվի առնելով քաղաքական վիճակը: Ըստ Նազարյանի՝ ինքը՝ որպես պատգամավոր, շահագրգռված է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ հասկանալու՝ ինչ խնդիր է ստեղծվել և ինչպես վարվել:

Ներկաները նշեցին, թե պահանջել են քննություն անցկացնել և պարզել, թե ինչ վնաս է հասցվել: