Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանին՝ Բակո Սահակյանի ԱՄՆ նախատեսվող այցի կապակցությամբ
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Վաշինգտոն Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախատեսվող այցի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«ԱՄՆ Բակո Սահակյանի այցի կապակցությամբ… Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է Ադրբեջանի արտգործնախարարությունից ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված բողոքի նոտա»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ, գրել է, որ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը/Արցախին ազգերի ընտանիքում:
«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրել է ԱՄՆ նախկին դեսպանը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ:










