Եվրոպայում աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ. Արա Պապյան

22:39 • 06.04.18

Թուրքիայի հավակնությունները, լինի դա Սիրիայի, Իրաքի, Հարավային Կովկասի թե մեկ այլ երկրի նկատմամբ, նոր մարտահրավերներ են բերում Անկարայի համար, նրանք գնալով ավելի ծանր կացության մեջ են հայտնվում: Tert.am –ի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: Նա նշեց, որ որքան էլ Ռուսաստանի հետ Թուրքիան մերձենա, ՌԴ-ն Թուրքիայի համար չի կարող փոխարինող դառնալ: Պապյանն ասաց, որ եթե Արևմուտքը գա այն եզրակացության, որ Թուրքիան թշնամու բարեկամ է, հետևաբար թշնամի է, իր կանխատեսումները կիրականան: Իսկ Թուրքիա նկատմամբ Արևմուտքում աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ:

- Ֆեյսբուքում գրառում էիք արել, որ մինչ Ռուսաստանը մերժեց Մեծամորի ատոմակայանի համար փող տալ «պատրաստվում են թուրքական Աքքույու» ատոմային էլեկտրակայանի համար 20 միլիարդ հատկացնել: Մի քիչ ավելի կբացե՞ք փակագծերը: Ինչո՞ւ է ֆինանսական խնդիրներ ունեցող Ռուսաստանն այսքան շռայլ:

- Շարժառիթը քաղաքական է, ոչ միայն տնտեսական, այսինքն՝ Ռուսաստանն այս ձևով ուզում է իր ազդեցությունն ուժեղացնել Թուրքիայի վրա և Թուրքիայի միջոցով, ինչպես 20-ականներին էր անում՝ սուննի իսլամական աշխարհի վրա: Հաշվի առնելով, որ ներկայիս Թուրքիան հավակնություններ ունի վերականգնելու օսմանիզմի գաղափարը՝ դառնալով սուննի աշխարհի առաջնորդը: Եվ , բնականաբար, Ռուսաստանը նման տնտեսական զիջումների պիտի գնար:

Եվ Ս-400-ների վաճառքը պետք է դիտել այս նույն փաթեթի մեջ և ոչ այնքան դրանց վաճառքը, որքան դրանց արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը թուրքական կողմին։ Այսինքն` այն, ինչ սկզբում Թուրքիան պնդում էր, Ռուսաստանը համաձայն չէր: Երկու միայնություն, ինչպես հայտնի երգում է ասվում, գտան իրար: Թուրքիան և Ռուսաստանը աշխարհի մեկուսացված երկրներից են, այդ մեկուսացումը օր օրի խորանում է և բնականաբար իրենց շահերը համընկնում են: Մեզ՝ հայերիս համար, սա շատ վտանգավոր է:

- Ռուս-թուրքական մերձեցմանը, կարծես, միանում է Իրանը: Սրանք մասին ի՞նչ կարող եք ասել:

- Պիտի ասեմ, որ Իրանի մասնակցությունը նման ծրագրերում նորություն չէ: Նախկինում դրանք տնտեսական բնույթի էին: Օրինակ` ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը տարիներ ի վեր կառուցվում էր, այս տարի շահագործման պիտի հանձնվի: Ինչո՞ւ Իրանը միացավ: Իրանն, ըստ էության, այլընտրանք չունի, որովհետև ԱՄՆ-ում փոխվեց քաղաքականություն, առանցքային պաշտոնների նշանակվեցին նրանք, ովքեր հակաիրանական հստակ գիծ են վարում: Առաջիկայում, եթե ոչ այս տարի, Արևմուտքի հիմնական թիրախը դառնալու է Իրանը, որը փորձում է իրենց ինչ-որ կերպ ապահովել: Չմոռանանք նաև, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը բացահայտ հայտարարեց, որ Իրանի առաջնորդը շատ ավելի վատն է, քան՝ Հիտլերը և աշխարհի ամենավատ համակարգը Իրանում է: Իրենք փորձում են սուննի ու շիա հակադրությանը բերել ամերիկյան երանգավորում: Հայաստանի համար սա վատ զարգացում է: Ցավոք, մենք չենք իրականացրել այլընտրանքային հնարավորությունների ստեղծման քաղաքականություն: Մենք տեսնում ենք, որ այն երկրների վրա, որոնց վրա հույս էինք դնում՝ Իրան, Ռուսաստան, մերձենում են Թուրքիայի հետ ու մենք այլընտրանք չունենք: Որքանով կկարողանանք արագ շտկել վիճակը, լուրջ կասկածներ ունեմ, որովհետև նման ցանկություն ու կարողություն էլ չեմ տեսնում մեր իշխանության մեջ:

- Ժամանակին նշել էիք, որ Թուրքիան փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը և դրա արդյունքում կամ կփլուզվի կամ ոչ: Հիմա, երբ պաշտոնական Անկարան Սիրայի հարցում որոշակի պայմանավորվածություններ է ձեռքբերել, արդյոք սա չի՞ վկայում Ձեր կանխատեսման հակառակն է տեղի ունենում:

- Ոչ, այն, ինչ կատարվում է գնում է դեպի իմ կանխատեսում: Երբ երկիրը փորձում է շատ ավելին իրականացնել, քան կարող է, ճողվածք է ստանում: Թուրքիայի հավակնությունները, լինի դա Սիրիայի, Իրաքի, Հարավային Կովկասի թե մեկ այլ երկրի նկատմամբ, նոր մարտահրավերներ են բերում Անկարայի համար, նրանք գնալով ավելի ծանր կացության մեջ են հայտնվում: Որքան էլ Ռուսաստանի հետ Թուրքիան մերձենա, ՌԴ-ն Թուրքիայի համար չի կարող փոխարինող դառնալ: Եթե Արևմուտքը գա այն եզրակացության, ,որ Թուրքիան թշնամու բարեկամ է, հետևաբար թշնամի է, իմ կանխատեսումները կիրականան: Աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ: Թուրքիան կրկնում է այն սխալները, ինչ ԽՍՀՄ-ը, որը մտավ մեծ խաղի մեջ, բայց տակից դուրս չեկավ: Չեմ կարծում, որ Թուրքիայի ռեսուրսները կբավարարեն տակից դուրս գալու: Ռուսաստանի համար էլ Խորհրդային միության ճակատագիրն է սպասվում:

Նրանք էլ անում են նույն սխալը, ինչ Թուրքիան, հավատում են իրենց «մուսկուլներին»: Հայաստանն էլ այս ամենի համատեքստում դրական որևէ հեռանկարների առաջ կանգնած չէ: Մեր հույսը չպետք է լինի Իրանը, Ռուսաստանը, մեր հույսը կարող է լինել այն, որ Արևմուտքում կարևորեն մեր աշխարհաքաղաքական դիրքը, հակառակ դեպքում ոտնատակ կգնանք: Մենք չգիտենք, թե Պուտինն ու Էրդողանը փակ դռների հետևում ինչ են որոշել, ինչ խաղ են նախատեսում: Ցավոք, իսկապես, մենք հայտնվել ենք շահերի բախման կիզակետում: Հաշվի առնելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվությունը, որը սպառնում է նոր ցեղասպանություն իրականացնել, դրա համար էլ Ալիևը Երևանը գրավելու մասին է խոսում, կարծում եմ, որ մեր վիճակը լուրջ է:

 

Եվրոպայում աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ. Արա Պապյան