«Լիդիանը» մեր ասածի վրա «թքած է ունեցել», մենք էլ նորից փակում ենք Ամուլսարի հանք բարձրացող ճանապարհները. Ջերմուկի բնակիչ
«Լիդիանը» մեր ասածի վրա թքած է ունեցել, մենք էլ նորից փակում ենք Ամուլսարի հանք բարձրացող ճանապարհները: Մենք չենք հեռանա այստեղից, մինչև հանքի շինարարական աշխատանքները ժամանակավորապես չդադարեցվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը, ով մասնակցել է մայիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:
«Նախանցած շաբաթ գնացել ենք հանդիպման փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ինքն ասաց, որ հաջորդ շաբաթ պարզ կլինի, այսինքն՝ նախորդ շաբաթ արդեն պետք է պարզ լիներ, թե փորձաքննությունը որքան է տևելու, ինչքան է տևելու: Ընդհանրապես պետք է տեղաշարժ լիներ գործընթացում: Մենք էլ բացել էինք ճանապարհները՝ պայմանով, որ ժամանակավորապես դադարեցվում են հանքի շինարարական աշխատանքները»,-հայտնեց Ահարոն Արսենյանը:
Ջերմուկի բնակիչը նշեց, որ բողոքի գործողությունները շարունակվելու են մինչև հանքի ղեկավարության կողմից շինարարական աշխատանքների դադարեցման հստակ արձագանք լինի կամ կառավարության կողմից փորձաքննության վերաբերյալ որևէ հստակ քայլ լինի. «Փորձաքննության արդյունքների ամփոփման ժամկետները չեն ասել կառավարությունից»:
«Կառավարությանը մենք լրիվ հասկանում ենք, հիմա իրենց մոտ շատ զբաղված շրջան է: Մենք իրենց դեմ ոչ մի բան չունենք: Մենք ճիշտն ասած իրենց ուղղորդում ենք, իրենց դեմ որևէ բան չենք անում, անընդհատ իրենց հետ համագործակցում ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հանդիպումներ է ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի գործարկման դեմ բողոքող քաղաքացիների հետ: Ըստ փոխվարչապետի՝ կա փոխըմբռնում, և հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:
Փոխվարչապետի հետ հանդիպումից հետո Ահարոն Արսենյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ նախկին կառավարությունը պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որ եթե պետության կողմից քայլեր եղան, որի հետևանքով ընկերությունն իր շահույթը չի ստանում, պետությունն իրենց մոտ 2 մլրդ դոլարի չափով փոխհատուցում պետք է տա:
«2 մլրդ-ը այսօր էլ գործում է, բայց մենք վստահ ենք, որ այդ խախտումները կան, և գտնելու ենք: Խախտումները 100 տոկոսով կան, բայց որ դրանք ապացույց են, և մենք կարողանանք միջազգային դատարանով արդյունքի հասնենք, դա 99 տոկոս է»,- նշեց նա:
Հիշեցնենք նաև, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կառավարությունից չստանալով որևէ արձագանք՝ կրկին փակվել են դեպի ոսկու հանք բարձրացող դաշտամիջյան ճանապարհները:
«Քանի որ պլանավորվել է երկարատև պայքար հանքի աշխատանքների վերջնական դադարեցման համար, ուստի որդեգրվել է հերթափոխով և արագ մոբիլիզացիոն տակտիկան։ Այսինքն՝ ճանապարհը փակում ենք հստակ գրաֆիկով, բայց անհրաժեշտության դեպքում 15-20 րոպեի ընթացքում դառնում ենք մինչև 300 մարդ, խիստ անհրաժեշտության դեպքում ոտքի է կանգնում Գնդեվազի ողջ բնակչությունը»,-գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը:










