Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, կմեկնի բանակ, եթե փորձաքննությամբ պարզվի, որ ենթակա է ծառայության. փաստաբան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, պատրաստ է մեկնել զինծառայության, եթե փորձաքննության արդյունքներով պարզվի, որ նա ենթակա է ծառայության:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը:
«Տեսնենք, թե փորձաքննությունն ինչ պատասխան կտա նրա առողջական վիճակի վերաբերյալ, եթե նրա առողջական վիճակը թույլ տա, ապա նա կմեկնի զինծառայության, գուցե առողջական վիճակը թույլ չի՞ տալիս»,-ասաց Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, թե Տրդատ Խաչատրյանը հայտարարել է, որ անկախ փորձաքննության արդյունքներից, կմեկնի զինծառայության:
Հարցին, թե զինծառայության մեկնելը որքանո՞վ կփոխի քրեական հետապնդման ընթացքը, չնայած որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով է հարուցված քրեական գործը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կոնկրետ Տրդատ Խաչատրյանին քրեական հետապնդման ենթարկելու հիմքեր չկան:
«Ինչ առումով եմ ասում, որովհետև 18 տարեկան երեխան ինքը չէր կարող կեղծ փաստաթղթեր ներկայացնել, որ այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա էլ ազատեին զինվորական ծառայությունից:
Սա առաջինը, և երկրորդը՝ թե ի՞նչ հանգամանքներում է բժշկական հանձնաժողովը նման եզրակացության եկել, դա արդեն բժշկական հանձնաժողովի ուսումնասիրման խնդիրն է, պետք է հարցնել բժշկական հանձնաժողովին: Տրդատ Խաչատրյանը, անհնար էր, որ ինքն ինչ-որ փաստաթուղթ ներկայացներ, այդպես փաստաթուղթ չեն էլ ներկայացնում, իմ կարծիքով՝ այլ ընթացակարգ է: Ինչ վերաբերում է քրեական հետապնդում իրականացնելուն՝ դա անհիմն է:
Ես տեղյակ չեմ՝ կեղծ փաստաթղթեր ներկայացվել են, թե ոչ, ես գիտեմ, որ 18-տարեկան Տրդատ Խաչատրյանը չէր կարող հանձնաժողովին կեղծ փաստաթղթեր ներկայացնել»,-ասաց փաստաբանը:
Դիտարկմանը, թե սակայն ինչ-որ բան եղել է, որովհետև փաստ է, որ Տրդատ Խաչատրյանը չի գնացել զինվորական ծառայության, փաստաբանն ասաց. «Բնականաբար, հանձնաժողովը ստուգել է, ասել է՝ առկա է հիվանդություն և չի թույլատրել, որ զորակոչվի, թե կեղծ փաստաթուղթը որտեղից են հնարել, չգիտեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով, ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:
Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:










