Վրաստանի քաղաքացիներ են. Վրաստանի ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում հայաբնակ Սաթխա գյուղում տեղի ունեցած սպանությունից

14:26 • 11.08.18

15:35

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան Վրաստանում Հայաստանի դեսպանությունից ասել են  «Սպանվածները հայեր չեն, երկուսն էլ ռուս են»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ օգոստոսի 11-ին  Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել: 

15։28 

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից Tert.am-ին մանրամասներ հայտնեցին Նինոծմինդայի շրջանի հայաբնակ Սաթխա գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

ՆԳՆ-ից հայտնեցին, որ սպանության կասկածանքով ձերբակալվածը նույն գյուղի բնակիչ 1976 թվականին ծնված Գ.Մ.-ն է:

«Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 10-ին Սաթխա գյուղի բնակիչ Գ.Մ.-ն իր սեփական տուն է հրավիրել համագյուղացիներ Է. Ց.-ին և Ա.Պ.-ին, ավելի ուշ այցելել են նաև Է. Ց.-ի թբիլիսաբնակ մտերիմները:

1974 թվականին ծնված Պ.Մ.-ի և 1983-ին ծնված Ս.Պ.-ի,ինչպես նաև տանտիրոջ միջև բանավեճ է տեղի ունեցել, ինչին հաջորդել է վիճաբանությունը: Գ. Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել Պ. Մ-ին և Ս.Պ.-ին: Նշված անձինք ստացած վնասվածքներից տեղում մահացել են»:

Հարցին, թե միջադեպի մասնակիցներն ազգությամբ հայե՞ր են, Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցն ասաց, որ դա էական չէ. «Վրաստանի քաղաքացիներն են»:

Հարցին, թե մահացածները հայե՞ր են, լրատվական բաժնի աշխատակիցն ասաց. «Ոչ, բայց Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր հյուր են գնացել Թբիլիսիից»:

14։26 

Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի հայաբնակ Սաթխա գյուղում սպանություն է  տեղի ունեցել:
Երկու անձի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի առավոտյան:

Tert.am-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, մեկի հոգի ձերբակալվել է:

Դեպքի մասին Ներքին գործերի նախարարությունից այլ մանրամասներ չհայտնեցին` հավելելով, որ հարուցված է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:

 

Վրաստանի քաղաքացիներ են. Վրաստանի ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում հայաբնակ Սաթխա գյուղում տեղի ունեցած սպանությունից