ԱԱՀ-ը չի բարձրանա, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է ԱԺ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

12:44 • 23.08.18

Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է Ազգային ժողով:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, թե ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում նախատեսվո՞ւմ է՝ բյուջեում որոշակի ճեղքվածքներ փակելու համար, Դավիթ Անանյանն ասաց. «Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում»:

Հարցին, թե ՊԵԿ նախագահն ասում է, որ մյուս տարի եկամուտների կտրուկ աճ են նախատեսել, կարո՞ղ է թվեր նշել, Դավիթ Անանյանն ասաց, որ դրանք քննարկումների փուլում են.



«Երեք տարվա միջնաժամկետ ծրագիր է, որը քննարկվում է: Հիմա բյուջետային քննարկումներ են գնում, սեպտեմբերին թվային պատկեր կլինեն»:

Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձևավորվել, և առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում:

Հարցին, թե կարող է թիվ նշել, թե ի վերջո ՀՀ տնտեսության քանի տոկոսն է ստվերում, Դավիթ Անանյանն ասաց. «Իհարկե, ոչ:  Դա այնպես չէ, որ մեկ կամ երկու ամսում հնարավոր է գնահատել, աշխատանքային խումբն աշխատում է, քննարկում է մեթոդաբանությունը, նախնական տեղեկատվություն չեմ կարող տալ: Մենք ստվերի գնահատական պետք է տանք գործունեության 20 խմբավորումներով»:

Ինչ վերաբերում է Կառավարության նոր նախագծի փաթեթին, Դավիթ Անանյանն ասաց, որ սեպտեմբերին կունենան Կառավարության քննարկած փաթեթը, որը կներկայացնեն  Ազգային ժողով:

«Երեք հիմնական ուղղություն նշեմ այս պահի դրությամբ, սակայն դրանք քննարկվում են, և էլի տարբերակներ կան: Ուղղություններն են այլընտրանքային հարկման համակարգերի կրճատում, շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում, եկամտային հարկի կամ ընդհանրապես եկամտի ու կապիտալի հարկման բեռի նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահը: