Ժողովրդի համար հաճելի քայլեր անելը լավ բան է, բայց դեռ չի նշանակում բարեփոխումների հաջող ընթացքի ապահովում. Վարդան Բոստանջյան

18:29 • 02.09.18

Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարեփոխումները ժողովրդի համաձայնությամբ պետք է իրականացնել, մի փոքր անհասկանալի է: 

«Ժողովուրդն ընդհանրապես ունենում է սոցիալական բնույթի խնդիրներ, որոնք, ըստ էության, չափազանց ակնհայտ ու պարզ են՝ աշխատանք, վարձատրություն և գործունեություն ծավալելու հնարավորություն: Սոցիալ տնտեսական կյանքը այնքան բարդություն ունի, որ պետք է հանգամանալից ուսումնասիրել և դրանց հիման վրա քաղաքականություն մշակել: Ժողովրդի հետ քննարկել, նրա համար հաճելի քայլեր անելը լավ բան է, բայց դա դեռ չի նշանակում բարեփոխումների հաջող ընթացքի ապահովում:

Ժողովրդի հետ արդեն քննարկված է, նա հասկանում է հնարավորինս էժան գնով սպառել գազ, էլեկտրաէներգիա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և կարևորեց բարեփոխումները մասնագիտական հենքի վրա իրականացնելը:

Ամեն դեպքում, Վարդան Բոստանջյանը կարևորեց և դրական համարեց, որ ներկայումս հանրապետությունում գոյություն ունի բավական զգաստ վիճակ` գողության, թալանի առումով: «Իհարկե, դա լավ է, բայց կնճռոտ խնդիրների լուծում է անհրաժեշտ, իսկ դրանք լուծում են մարդիկ, ովքեր մասնագետ են: Ինչպե՞ս կարող է ցանկացած հանդիպած մարդ խնդիր լուծել»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ երեք կամ չորս ամսվա ընթացքում տնտեսությունում նկատելի հաջողություն ունենալը ջրի վրա գրած մի բան է:  «Ես կարծում եմ, որ լավագույն դեպքում հաջողությունների շեմը`ինստիտուցիոնալ, իրավական առումներով, կարող ենք տրորել առնվազն երեք տարի հետ: Բնակիչերին, միամիտ մոտեցումներ ունեցողներին պետք  է ասել, որ չսպասեն, թե վաղը միանգամից երջանկության մեջ են գտնվելու` թե՛ աշխատանքի, թե՛ եկամուտի, թե՛ կենսաթոշակի առումով»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ ժամանակը պատասխան կտա բարեփոխումների, կադրային քաղաքականության վերաբերյալ: «Ես լիրիկական պահեր եմ նկատում. ովքեր մասնակցել են հեղափոխական շարժմանը, նրանց հանձնարարվում են այնպիսի գործեր, որոնք ամենայն հավանականությամբ ի զորու չեն անելու: Մենք օգնած կլինենք ասելով Նիկոլ Փաշինյանին` վարել ճիշտ կադրային քաղաքականություն: Իմ կարծիքով՝ այն կադրերի վրա, որոնց մեջքին ծանր բեռ է դրված, չեն էլ իմանում այդ բեռի չափը, որովհետ կշեռքի ինստիտուտի, բեռի ծանրության վերաբերյալ, իմ կարծիքով, խորը պատկերացումներ չունեն»,- ասաց նա: