Լինելով անկուսակցական՝ Կառավարության կազմում աշխատանքս շարունակելու որոշում կայացնելու հետ կապված որևէ կաշկանդվածություն չեմ զգում․ Մհեր Գրիգորյան

13:42 • 03.10.18

Թե՛ նշանակմանս ժամանակ, թե՛ ներկայումս հայտարարել և հայտարարում եմ, որ ինձ համար առաջնահերթություն եղել և մնում է ՀՀ կառավարության բնականոն գործունեությունը:

Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով իր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ աշխատելու որոշմանը:

«Լինելով անկուսակցական՝ իմ պարագայում Կառավարության կազմում աշխատանքս շարունակելու որոշում կայացնելու հետ կապված որևէ կաշկանդվածություն չեմ զգում: Ընդ որում՝ կարծում եմ՝ մեր պետության համար շրջադարձային և բախտորոշ այս փուլում ցանկացած քաղաքական և պետական գործիչ պետք է առավելագույն ջանքեր գործադրի մեր երկրի կայունությունն ու հետագա անցնցում զարգացումն ապահովելու համար», - ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազատում է «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ նախարարներին և մարզպետներին: Նա, սակայն, նշեց, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ:

«Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ: Ես առաջարկում եմ ողջունել Մհեր Գրիգորյանի որոշումը»,- ասել էր նա: