Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, որին մարալիկցիները տրվել են. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Մարալիկում քաղաքացիների բողոքներն ենք լսել, մնացածը ուսումնասիրությամբ պետք է պարզվի, թե ինչ խնդիրներ կան. քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Անի խոշորացված համայնք (Մարալիկ) կատարած այցին:
Սանասարյանը նշեց, որ իրենց փաստաթղթեր դեռևս չեն հանձնել ուսումնասիրությունները սկսելու համար, քանի որ ոչ աշխատանքային օր էր, կստանան երկուշաբթի օրը:
Անդրադառնալով «ԱդեկվաԴ» հաղորդման հեղինակների մասնակցությամբ Մարալիկում տեղի ունեցած միջադեպին՝ Սանասարյանը նշեց, որ երեկ կոչ է արել քաղաքացիներին, որ ավելի հանդուրժող լինեն: «Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, հետո տարածում էին, թե իրենց ծեծել են, բայց նման բան տեղի չէր ունեցել»,-ասաց նա:
Այն դիտարկումները՝ արված միջադեպի մասնակից հաղորդման խմբի կողմից, թե դա կազմակերպվել էր իշխանությունը, անձամբ վարչապետը, և նպատակն այն էր, որ իրենց լռեցնեն, և Դավիթ Սանասարյանի այցն էլ դրա վառ վկայությունն է, Վերահսկողական ծառայության պետն ասաց, որ ինքն օրենքով ունի այդ լիազորությունները և ցանկացած իրադարձության վերաբերյալ իրավունք ունի պարզելու, թե ինչն ինչոց է:
«Ոստիկանությունն իր գործն է անում, ուսումնասիրություններ չի անում, ես չէի գնացել «Ադեկվադի» միջադեպի հետքերով, գնացել էի, որովհետև քաղաքացիները բողոքում էին: Այդ ադեկվատ մարդիկ, պետք է իմանան, որ ոստիկանությունն ուսումնասիրություն չի անում այն դեպում, երբ այդ մարդը տարիներ շարունակ եղել է ոստիկանապետի խորհրդական»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանն ասաց, որ իր այցը զուտ համընկել է, որ միջադեպից հետո է գնացել, պլանավորված չի եղել: «Ռեսուրսի խնդիր ունենք, պլանավորում ենք, թե ինչ հաջորդականությամբ ենք իրականացնում ուսումնասիրությունները, բայց քանի որ ճգնաժամը խորանում էր, գնացինք այնտեղ, համայնքապետի հետ խոսեցինք ու պայմանավորվեցինք հետագա անելիքների մասին»,-ասաց նա:
Ըստ Սանասարյանի՝ մարալիկցիները սադրանքին տրվել են ուղղակի: «Բայց ծեծ չի եղել, լեզվակռիվ և այլն, դրա վերաբերյալ ի՞նչ ասեմ, ասել եմ, որ հանդուրժող լինեն»,-ասաց նա և դիտարկմանը, թե ասում են՝ տեսախցիկ են ջարդել, նշեց, որ դրա համար պատասխան կտան, եթե տեսախցիկ է վնասվել:
Ինչ վերաբերում է հարցին, թե իրեն մեղադրում են, որ հին կադրերով է համալրում ծառայությունը, մասնավորապես՝ նշվեց նախկին ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդու անունը, Սանասարյանը նշեց, որ Լևոն Ալավերդյանն այն ուսյալ, պրոֆեսիոնալ մասնագետներից է, ով լուրջ արդյունքներ է ցուցաբերել: «Այդպես նայենք, բացառապես անփորձներ պետք է լինեին ու գնային մի քանի տարի սովորի՞ն ինչպես ուսումնասիրություններ կատարել ու այլ գործառույթներ: Անկախ ամեն ինչից, ես ընտրում եմ պրոֆեսիոնալներին և ազգականներով որոշում չեմ կայացնում»,-ասաց նա:










