«Երևանի ՋԷԿ-ի» պարտքը «Գազպրոմ Արմենիային» 15 մլրդ դրամ է. հնարավոր է՝ պարտքը մարվի գազատարի վաճառքի ձևակերպմամբ, իսկ գազի սակագնի հարցը քննարկվում է. էներգետիկայի նախարարի պաշտոնակատար
Ներկայումս Երևանի ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիային» կազմում է 15 մլրդ դրամ, բայց այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում, և շատ հնարավոր է՝ մոտ ժամանակներում այդ պարտքի հարցը լուծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Երևան ՋԷԿ»-ին պատկանող որոշակի պետական միջոցներ կան, օրինակ՝ բարեգործական ծրագրերով իրականացված գազատարներ, որոնք «Գազպրոմին» փոխանցվել են անհատույց օգտագործման, դրանց վաճառքը կձևակերպվի, և պարտքի մարում կլինի»,- հայտնեց նա: Գ. Բաղրամյանը նաև հայտնեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է և՛ սահմանի վրա գազի գնի, և՛ ներքին սակագնի ձևավորման հարցերը: Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի անվտանգության և փակման հարցերին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել միայն այն ժամանակ, երբ կլինեն համարժեք հզորություններ. «Չի բացառվում, որ համարժեք հզորությունը լինելու է նաև նոր ատոմակայանի կառուցումը»,- ասաց նա:
- Կառավարությունն այժմ էներգետիկ անվտանգության ապահովումն իրականացնում է 2011 թ.-ին հաստատված, 2013 թ.-ին մի փոքր խմբագրված ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությամբ: Վերջին տարիներին բազմաթիվ փոփոխություններ են եղել տարածաշրջանային առումով: Էներգետիկ անվտանգության ապահովման նոր հայեցակարգի ընդունման անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
- Եթե տեղյակ եք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդհանուր էներգահամակարգի երկու հիմնարար փաստաթուղթ էր ընդունել: Դրանք ցանցային կանոններն են, որ ընդհանուր էներգահամակարգի տեխնիկական փոխհարաբերություններն են կարգավորում, և առևտրային կանոնները, որոնք արդեն ֆինանսական փոխհարաբերություններն են կարգավորում՝ պայմանագրային դաշտը: Ցանցային կանոններով նախատեսված է, որ յուրաքանչյուր 10 տարվա համար մշակվելու է և պարբերաբար թարմացվելու է զարգացման ռազմավարական ծրագիրը: Բացի դրանից, USAID-ի 5-ամյա ծրագիր է արդեն սկսել 2018 թ.-ից, որը նպատակաուղղված է լինելու շուկայի ազատականացման քայլերի և միջպետական առևտրի զարգացման խթանմանը: Այդ ծրագրի համատեքստում նաև մշակվելու է 2020-2040 թթ.-ի էներգահամակարգի զարգացման ընդհանուր ծրագիրը, որը հենվում է նվազագույն ծախսերով համակարգի զարգացման վերլուծության վրա: Այս պահին այդ վերլուծություններն ընթացքի մեջ են, մինչև 2019 թ.-ի հունիս-հուլիս ամիսներն արդեն բոլոր շահագրգիռ կողմերին կներկայացվեն համընդհանուր քննարկման և կուղարկվեն հաստատման:
- Նախորդ կառավարությունը հայտարարում էր վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին: Շարունակելո՞ւ եք արդյոք այս գիծը, և եթե այո, ապա էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի հզորությունները ընդհանուր գեներացման քանի՞ տոկոսն են կազմելու:
- Տարբեր ժամանակներում տոկոսները մի քիչ փոխվում են, և հիմա իրականում մոտ 30 տոկոսից ավելի է կազմում վերականգնվող էներգետիկան, եթե դրանց գումարենք մեծ հիդրոէլեկտրակայանների կասկադները՝ Սևան-հրազդանյանը և Որոտանը: Միանշանակ շարունակվելու է վերականգնվող էներգետիկայի զարգացման գիծը, քանի որ այն նպաստում է մեր էներգահամակարգի անվտանգության բարձրացմանը՝ կախվածությունն է նվազում ներկրվող գազային վառելիքից: Բացի դրանից, այսօր տեխնոլոգիաներն արևային ոլորտում այնքան են զարգացել, որ եթե մի քանի տարի առաջ խոսվում էր 100-120 դրամ 1 կվտ/ժ սակագնի մասին, այսօր Մասրիկով մենք ստացել ենք 4.19 ցենտ մրցութային գին, որը շուրջ 20 դրամ է 1 կվտ/ժ-ի համար, այսինքն՝ ավելի քիչ, քան ջերմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինն է: Այսօր արևայինի մասով երկու դրական գործոն է միանգամից աշխատում ՝ ոչ միայն զարգացնում է մեր էներգետիկ անկախությունը, այլև բերում է սակագնի միջհամակարգային նվազեցման: Եթե տեղյակ եք, նոյեմբերի կեսերին նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի շաբաթ, բազմաթիվ երկրներից խոշոր ներդրողներ են հրավիրված, որոնց ներկայացվելու են մեզ մոտ առկա ծրագրերը: Մեր վերականգնվող էներգետիկ հիմնադրամում ունենք 5 պատրաստի փաթեթներ, որոնք մրցութային փաթեթի տեսք են ստացել Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցով: Շուրջ 60 մեգավատտ հզորությամբ 5 փաթեթ ունենք, դրանք ներկայացվելու են ներդրողների դատին:
- Արտահանման հիմնական շուկաների՝ Վրաստանի և Իրանի մասով խնդիրներ կա՞ն: Առաջիկա տարիներին ի՞նչ զարգացումներ են սպասվում:
- Այս պահին մեծ տեմպերով Իրանի հետ 3-րդ էլեկտրահաղորդման գիծն է կառուցվում:
- Նախատեսված էր, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվեր 2018 թ.-ին, սակայն եթե չեմ սխալվում, դեռևս իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը:
- Այո, 2018 թ.-ի սեպտեմբերին պետք է ավարտված լիներ, կային խնդիրներ, դանդաղել էր աշխատանքը: Հիմա բոլոր խնդիրները լուծելով գնում ենք և շինարարությունը մեծ թափով սկսվել է նորից:
- Ի՞նչ խնդիրներ են եղել, որ 2018 թ.-ին աշխատանքներն ավարտին չեն հասցվել:
- Մի շարք խնդիրներ են եղել։ Նախ, նախագիծն իրականանում է լրիվ իրանական կողմի ֆինանսավորմամբ և իրանական կապալառուներով: Որակական աշխատանքների ընդունման մասով որոշակի խնդիրներ են եղել կապալառուների հետ կապված, որն արդեն հարթվել է: Եղել են խնդիրներ նաև ֆինանսավորման հետ կապված, նաև այդ խնդիրն ենք հարթում: Աշխատանքները մեծ թափով շարունակվում են:
- Տոկոսային առումով որքա՞ն աշխատանք է իրականացվել այժմ, և ե՞րբ հնարավոր կլինի շահագործման հանձնել բարձրավոլտ միջանցքը:
- Այս պահին դեռ 20 տոկոսն է իրականացվել: Պայմանագրով նախատեսված է 2019 թ.-ի սեպտեմբերին, բայց կարծում եմ՝ 2020 թ.-ին կունենանք:
- Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը պետք է կապի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան շղթան, մասնագետների գնահատմամբ, այսօր հայտնվել է մեծ հարցականի տակ, քանի որ Բաքուն շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում Հայաստանին այլընտրանք ստեղծելու մասով: Վտանգներ տեսնո՞ւմ եք այս առումով:
- Գիտեք, որ մենք զուգահեռ աշխատանք պետք է ապահովենք նաև Վրաստանի էներգահամակարգի հետ, քանի որ Հայաստանի էներգահամակարգը զուգահեռ աշխատում է իրանական համակարգի հետ: Պետք է լինեն համապատասխան տեխնիկական լուծումներ, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ աշխատել Վրաստանի հետ: Այս պահին մենք կարողանում ենք Վրաստանի հետ աշխատել հետևյալ կերպ՝ կա՛մ իրենք են ինչ-որ հատված անջատում, միացնում Հայաստանին, երբ մենք արտահանում ենք անում, կա՛մ Հայաստանն է իր մասից մի փոքր հատված անջատում, միացնում վրացական համակարգին, որ կարողանա ներկրում անի: Բնականաբար, սա սահմանափակում է էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալները: Նման երևույթը վերացնելու համար տեխնիկական լուծումներ են մշակվել, հաստատուն հոսանքի ներդիր սարքավորում է տեղադրվելու, որն ապահովելու է համակարգի զուգահեռ աշխատանքը: Այսինքն՝ նման խնդիրներ չեն առաջանա, հզորությունը կավելանա, և, բնականաբար, կարող են ավելանալ նաև հոսքերը: Այս պահին տեխնիկական լուծումներ մոնիթորինգի են ենթարկվում, ստեղծվել է նախարարին կից տեխնիկական խորհուրդ, որտեղ համակարգի լավագույն մասնագետներն են հավաքվել, որպեսզի այս խնդրի լուծման համար գտնենք ամենաօպտիմալ տարբերակը: Հայաստան-Վրաստան ուղղությամբ աշխատանքների ավարտին մենք արդեն կունենանք բավականին մեծ հզորությունների հնարավորություն, նույնիսկ տարանցիկ երկիր հանդիսանալու համար՝ և՛ ռուսական, և՛ իրանական էլեկտրաէներգիաների հոսքերն ապահովելու համար:
– ՀԱԷԿ-ում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման 2014 թ.-ի ծրագրով ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2027թ.-ը: Հնարավո՞ր է դրանից հետո նորից երկարաձգել, թե՞ աշխատանքի դադարեցումն անխուսափելի է՝ անվտանգությունից ելնելով: Կարող ենք ասել, որ անվտանգության առումով այսօր խնդիրներ չկան:
- Այս պահին «Ռոսատոմի» հետ միասին իրականացվում են հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Ասեմ, որ շատ մեծ խոշորացույցի տակ է գտնվում ատոմակայանը և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ Եվրամիության կողմից, և այդ անվտանգության հարցերն առավել քան ապահովվում են: Օրինակ, ԵՄ-ի կողմից սթրես-թեստեր են արվում, բոլոր այդ սթրես-թեստերի դրույթներով մենք անցնում ենք, համապատասխան միջոցառումներն արվում են: Ֆուկուսիմայի դեպքերից հետո գրեթե բոլոր ատոմակայաններում սթրես-թեստեր արվեցին: Նաև ամեն տարի ՄԱԳԱՏԷ-ն է ստուգում անվտանգությունը: Այսինքն՝ բոլոր աշխատանքներն արվում են միանշանակ անվտանգությունը պահպանելով: Երկարաձգումից բացի, նաև որոշակի օպտիմալացման խնդիր է դրված ատոմակայանում, այսինքն՝ ոչ միայն մենք կյանքի ժամկետն ենք երկարացնում, այլև բոլոր աշխատանքների ավարտին ունենալու ենք նաև ատոմակայանի մոտ 50-55 մեգավատտ հզորության ավելացում: Հիմա այս պահին աշխատում է մեկ տուրբին, իսկ երկրորդն ամբողջությամբ նորն է տեղադրվելու, և երբ որ նոյեմբերին կգործարկվի նոր տուրբինը, մենք հզորության գրեթե 15-20 մեգավատտի աճ կունենանք: Կարելի ասել նաև, որ անվտանգությունն է մի քանի աստիճանով ավելանում, որովհետև բոլոր հին մեխանիկական սարքավորումները թվային են դարձվում՝ պաշտպանության, անվտանգության հետ կապված բոլոր սարքավորումները:
- ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո այդ փաստաթղթի ամենաշատ քննարկվող հարցը հենց ատոմակայանի աշխատանքի դադարեցմանն է վերաբերում: Հնարավո՞ր է, որ Հայաստանի ատոմակայանը փակվի:
- Ատոմակայանը կարող է փակվել, երբ կունենանք համարժեք հզորություններ: Չի բացառվում, որ համարժեք հզորությունը լինելու է նաև նոր ատոմակայանի կառուցումը: Ուսումնասիրում ենք ատոմային էներգետիկայի շուկան, հիմա այնտեղ մեծ զարգացումներ կան, նոր մոլեկուլյար բլոկներ են մտնում շուկա: Այդ ամբողջ շուկան պետք է ուսումնասիրենք, առաջարկները պետք է հասկանանք՝ ինչ առաջարկներ կան ատոմային էներգետիկա արտադրող գործարանների կողմից, որը մեր էներգահամակարգին տեխնիկապես և՛ ռեժիմային, և՛ ֆինանսական առումով ավելի հարմար է: Նաև US AID-ի զարգացման ծրագիրն այդ հարցերին պետք է պատասխանի, թե ինչ հզորության և ինչ ժամանակահատվածում այստեղ կլինեն այդ հզորությունները:
- Նոր ատոմակայանը ռուսակա՞ն, թե՞ եվրոպական կողմի աջակցությամբ կլինի:
- Սկզբում կընտրենք, թե ինչ հզորության և ինչ տիպի սարքավորումներ են, արդեն զուգահեռ նաև բանակցություններ կվարենք դոնորների հետ, թե ում ֆինանսավորմամբ է դա արվելու:
- Ներկայիս ատոմակայանի տարածքո՞ւմ:
- Այո, որովհետև այնտեղ կան բազմաթիվ կոմունիկացիաներ, որոնք կօգտագործվեն, և ծրագիրն ավելի էժան կստացվի: Բայց դա դեռ կքննարկվի, երբ որ ատոմակայանի երկարաձգման ժամկետն ավարտվի, ավարտին մոտ լինելու են նաև անվտանգության ուսումնասիրություններ, և պետք է հասկանանք՝ արդյոք 10 տարին բավարար ժամկետ էր, թե մեր գործող ատոմակայանը դեռևս ունի ռեսուրս՝ շարունակելու իր աշխատանքը, որովհետև նմանատիպ ատոմակայանները մինչև 60 տարի շահագործման թույլտվություն են ստացել: (Մեծամորի ԱԷԿ-ի 1-ին բաղադրիչն սկսել է շահագործվել 1976 թ-ի, իսկ 2-րդը՝ 1980 թ-ին):
- 2016 թ.-ին հայտարարվեց, որ Երևանի ՋԷԿ-ը 52 միլիոն դոլարի պարտք է կուտակել «Գազպրոմ Արմենիային», հետո պարտքի որոշ մասը մարվեց՝ դառնալով 33.8 մլն դոլար: Այժմ որքա՞ն է պարտքի գումարը: Ի վերջո, ինչո՞ւ էր պարտք կուտակվել, տրամաբանակա՞ն էր դա, թե՞ ոչ, հետաքննություն իրականացվելո՞ւ է այս մասով:
- Պարտքն ինչպես է կուտակվել, կարծում եմ՝ վերահսկողական ծառայությունը կասի: Այս պահին ծառայությունն ուսումնասիրություններ է անում էներգետիկայի ոլորտում, և եթե որևիցե խնդիրներ կտեսնեն պարտքի ձևավորման մեջ, կհայտարարեն դրա մասին: Ինչ վերաբերում է պարտքին, ներկայումս այն կազմում է 15 մլրդ դրամ (31 մլն դոլար), բայց այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում, Երևան ՋԷԿ-ին պատկանող որոշակի պետական միջոցներ կան, և շատ հնարավոր է՝ մոտ ժամանակներում այդ պարտքի հարցը լուծվի:
- Ինչպե՞ս պետք է մարվի, ինչի՞ դիմաց:
- Կան հիմնական միջոցներ, օրինակ՝ բարեգործական ծրագրերով իրականացված գազատարներ, որոնք «Գազպրոմին» փոխանցվել են անհատույց օգտագործման, դրանց վաճառքը կձևակերպվի, և պարտքի մարում կլինի: Հիմա դեռևս դրանք բանակցային փուլում են:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 8-ին և դեկտեմբերի կեսին և Ձեզ հանձնարարել է մինչև այդ հանդիպումներ ունենալ, բնական գազի սակագնի հետ կապված փաթեթ պատրաստել: Դուք էլ հայտարարել էիք, որ գազի սակագինը Հայաստանի համար հազար խմ համար կարող է լինել 140 դոլար ներկայիս 150-ի փոխարեն: Բանակցություններն ի՞նչ փուլում են, այժմ է՞լ եք պնդում, որ սահմանին գազը կարող է ՀՀ-ին վաճառվել 140 դոլարով:
- Թե այս պահին գազի գինը ինչքան կլինի, որևիցե պաշտոնական հայտարարություն չենք արել: Ներկայումս վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աշխատանքային խմբում ներառված են «Գազպրոմ Արմենիան», ՀԾԿՀ-ն, Էներգետիկայի նախարարությունը, ինչպես նաև վարչապետի գլխավոր խորհրդականը: Խումբն այս պահին քննարկում է բոլոր հնարավոր հարցերը, դրանք բաժանված են երկու մասի՝ և՛ սահմանի վրա գազի գին, և՛ ներքին սակագնի ձևավորման հարցեր:
- Բազմիցս բարձրացվել է գազի գինը սահմանին 150 դոլարով վաճառվելու, բայց բնակիչներին 290 դոլարով հասցնելու հարցը: Ներքին սակագնի նվազեցման հնարավորություն չե՞ք տեսնում:
- Այդ բոլոր հարցերն ուսումնասիրվում են, բայց քանի դեռ ուսումնասիրությունը չի ավարտվել, արդյունքների մասին չխոսենք: Այն շատ զգայուն թեմա է, ցանկացած հայտարարություն կարող է հետագայում բանականություններին վնասել:
- Մամուլը գրեց, որ Դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք, այսպես կոչված՝ բաջանաղը, և Ձեր նշանակումը հենց սրանով է պայմանավորված: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ արդեն 14 տարի: Որքան ինքն է պրոֆեսիոնալ մասնագետ և երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, գրեթե նույնչափ՝ մոտ 20 տարի էլ ես աշխատում եմ էներգահամակարգում: Չեմ կարծում, որ մեր բարեկամական կապն է ինչ-որ դեր խաղացել պաշտոնի նշանակման հարցում: Եթե դա չխանգարեր, համենայն դեպս չէր օգնի:
- ԱԱԾ տնօրենի հետ բարեկամական կապը կաշկանդո՞ւմ է Ձեզ աշխատանքի մեջ, թե՞ ոչ:
- Բացարձակ չի կաշկանդում:










