Թուրք նախարարը պնդել է, որ վերջին 11 տարում նորոգվել ու կառուցվել է 57 եկեղեցի

18:18 • 12.12.18

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ անցած 11 տարիներում Թուրքիայի իշխանությունները երկրի տարածքում 57 եկեղեցի են նորոգել ու կառուցել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:

Նախարարի խոսքով՝ վերակառուցվել է 27 եկեղեցի, կառուցվել է 35-ը:

Այս ցուցակի մեջ են մտնում թե՛ հայկական, թե՛ հունական, բուլղարական ու ասորական վանքեր ու եկեղեցիներ:

Այս համայնքների հոգևոր ներկայացուցչությունները, սակայն, որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել թուրք նախարարի այս հայտարարությունը:

Նշենք, որ Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն՝ Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական: 

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով: