Ռ. Քոչարյանը հիմա կալանքի տակ չպետք է գտնվեր, սա միջանկյալ միջոց է մեր կողմից. Հայկ Ալումյանը` Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության մասին

15:20 • 09.01.19

Մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանը հիմա կալանքի տակ չպետք է գտնվեր, բայց, քանի որ Վճռաբեկ դատարան ենք դիմել այդ հարցով, և պարզ չէ, թե երբ լուծում կտա Վճռաբեկ դատարանը, սա միջանկյալ միջոց է մեր կողմից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերն իրենց լուծումը կստանան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: 

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա Հայկ Ալումյանն ասաց, որ Սահմանադրական դատարան դիմում են, երբ գտնում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը: «Մենք չենք կարող դիմել Սահմանադրական դատարան ու ասել, որ Վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրությունը, նման դիմումներ չեն քննվում, բայց մենք դիմել ենք Սահմանադրական դատարան և ասել ենք, որ քրեական դաշտավարության օրենսգրքում կա նորմ, որ Վճռաբեկ դատարանի տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրությանը: 


Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերանայվի  գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրանից կբխեն հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրները»,-ասաց նա:

Պաշտպանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չգտավ մասնակցել դատական նիստին: Հարցին, թե կա արդյոք դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք, նա ասաց` ոչ: