Սուպերվարչապետական համակարգի հետ կապված փոփոխություններ, բնականաբար, լինելու են, քաղաքական կամքը կա, բայց դրանք չեն լինելու շատ կտրուկ. Ալեն Սիմոնյան

21:53 • 10.01.19

Ազգային ժողովում շարունակում է ընթանալ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Հայտարարվել է կարճ ընդմիջում, որից հետո պատգամավորների սենյակների վիճակահանությունը:

Այս մասին խորհրդարանում հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

«Խմբակցության քննարկում է եղել, եղել է հարցուպատասխան, քննարկվել են ներքին օրակարգային  հարցեր: Մի փոքր ընդմիջում է, որից հետո տեղի կունենա վիճակահանությունը, ենթադրում եմ՝ սենյակների հետ կապված, և զուտ տեխնիկական հարցերը կքննարկվեն»,- ասաց պատգամավորը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է խմբակցության նիստին, բայց ընդմիջումից հետո պատգամավորները քննարկումները կշարունակեն առանց նրա:

«Խմբակցության հարցերն են քննարկվել: Վարչապետը լսել է խմբակցությանը, խմբակցությունն իր կարծիքն է հայտնել: Կարելի է ասել՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել: Թեմաները, որոնք արծարծվել են, բազմաթիվ են՝ արտաքին, ներքին, ԱԺ աշխատանքին վերաբերող: Քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովների նախագահների հարցը չի քննարկվել: Հանձնաժողովների քանակի մասով ևս քննարկում չի եղել:

«Եղել է քննարկում նաև խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի հարցի շուրջ, բայց որևէ որոշում չկա: Եթե որոշում լինի, կլինի միասնական»,- ասաց նա:

Հարցին, թե թիմի ներսում ինչպիսի՞ մոտեցում կա սուպերվարչապետության հարցի հետ կապված՝ ուժային կառույցները կրկին վարչապետին են ենթարկվելո՞ւ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես համաձայն չեմ, որ միայն ուժայիններով էր պայմանավորված սուպերվարչապետական լինելը:  Սուպերվարչապետության հետ կապված փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց չեն լինելու շատ կտրուկ: Այսինքն՝ պետք չէ սպասել, որ հենց առաջին նիստին մենք սկսելու ենք փոփոխություններ անել, բայց քաղաքական կամքը, որոշումը կա, որ այդ համակարգից, որը ժամանակին պարոն Փաշինյանը նույնպես քննադատել էր, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»: