Իսպանիայի, Արգենտինայի և Էկվադորի ներկայացուցիչները ներկա չեն գտնվի Մադուրոյի երդմնակալության արարողությանը
Իսպանիան, Արգենտինան և Էկվադորն իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկի Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը, գրում է РИА Новости-ն:
Մադուրոյի պաշտոնավարման նոր ժամկետը սկսվում է հունվարի 10-ին և կտևի մինչև 2025թ.-ը:
Ավելի վաղ «Լիմայի խմբի» բոլոր անդամ երկրները՝ բացի Մեքսիկայից, հայտարարել էին Մադուրոյի նոր պաշտոնավարման լեգիտիմությունը չճանաչելու մասին և պահանջել երկրում նախագահական նոր ընտրությունների անցկացում:
«Մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունն օրինական և բարոյական պարտականություն է, դա հավասարազոր չէ այլ երկրների ներքին գործերին միջամտելուն: Այս առնչությամբ մենք որոշել ենք Մադուրոյի՝ հունվարի 10-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մեր կառավարության կողմից պաշտոնական պատվիրակություն չուղարկել»,- հայտարարել է Էկվադորի ղեկավար Լենին Մորենոն:
Էկվադորը, սակայն, «Լիմայի խմբի» անդամ չէ:
Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերին Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը մեղադրել էր Մորենոյին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ Վենեսուելայի արտագաղթի վերաբերյալ ստելու համար: Մորենոն ասել էր, որ միայն Էկվադորը հարևան երկրում սոցիալական և տնտեսական ճգնաժամից փախչող 6000 վենեսուելացիների է ընդունում, իսկ Ռոդրիգեսը հայտարարել էր, որ Էկվադորը հորինում է այդ թվերը:










