Թրամփը դեմոկրատների հետ հանդիպման ժամանակ առաջին իսկ հարցից հետո ցտեսություն է ասել ու հեռացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերի և Նենսի Փելոսիի հետ, սակայն առաջին հարցի պատասխանը լսելուց հետո հեռացել է: Նախագահն այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ հանդիպումը ժամանակի կորուստ անվանելով:
Թրամփի խոսքով՝ ինքը հարցրել է դեմոկրատներին՝ ինչ տեղի կունենա այն դեպքում, եթե ինքը վերջ դնի «շաթդաունին», հավանություն կտան արդյոք Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության ծրագրին, որը ներառում է պատի կամ պողպատե պատնեշի կառուցումը:
«Նենսին ասաց՝ ոչ: Իսկ ես ասացի՝ «ցտեսություն»: Ոչ մի այլ մեթոդ չի աշխատում»,- ասվում է նախագահի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գերատեսչությունների աշխատանքի մասնակի դադարեցումը՝ «շաթդաունը», շարունակվում է դեկտեմբերի 22-ից: Դրա պատճառը Կոնգրեսում Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար նախատեսված բյուջեի շուրջ անհամաձայնություններն են: 2018 թվականին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել էր, որ ամբողջությամբ կփակի հարավային սահմանը, եթե ներգաղթյալների դեմ պատի կառուցման համար միջոցներ չտրամադրվեն: Նախագահը պատի կառուցման համար 5 մլրդ դոլար է նախատեսում, մինչդեռ դեմոկրատները համաձայն են միայն 1,3 մլրդ դոլարին:










