«Տո՛ւր Թրամփին նրա գրողի տարած փողերը». Շերի կոչը Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդին

17:00 • 10.01.19

Ամերիկահայ երգչուհի Շերը թվիթերյան իր էջում կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիին վերջ տալ «շաթդաուն»-ին և քննադատել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին նախագահ Թրամփի ծրագրերը:

Նախ Շերը քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին: «Թրամփն ասում է, որ Մեքսիկան կվճարի պատի համար… Իսկ ի՞նչ կասեք այն սպասարկելու համար տարեկան միլիարդավոր դոլարների մասին»,- գրել է երգչուհին:

Նա նաև դիմել է Փելոսիին՝ կոչ անելով դադարեցնել պետական գերատեսչությունների «շաթդաունը»: «Նենսի, դու հերոս ես, տո՛ւր Թրամփին նրա գրողի տարած փողերը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հանդիպում էր ունեցել Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերի և Նենսի Փելոսիի հետ: Նախագահի հարցին, թե արդյոք «շաթդաունը» դադարեցնելու դեպքում նրանք հավանություն կտան Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորմանը, Նենսի Փելոսին բացասական պատասխան էր տվել, իսկ Թրամփը թողել ու հեռացել էր: