Ավտոներկրողները սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. հակառակ դեպքում շարունակելու են ակցիաները
Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ավտոներկրմամբ զբաղվող քաղաքացիների հանդիպումը, ովքեր բողոքում են Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման դեմ:
ՊԵԿ-ի դեմ ընթացող բողոքի ակցիայի շրջանակներում մասնակիցներին հանդիպեց ոստիկանության ներկայացուցիչը:
«Եթե հավաքն անցկացվում է, իսկ դա նորմալ է, եթե մասնակիցները իրավաչափ վարքագիծ են դրսևորում, ոստիկանությունը աջակցում է խնդրի լուծմանը: Ես ժամկետի հետ կապված ոչինչ չեմ ասում, որովհետև պետությանը պարտականություն ներկայացնել չես կարող, բայց մենք կարող ենք հնարավորությունների սահմանում աջակցել»,- ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրենց նամակին ի պատասխան ասել է, որ հանդիպման կազմակերպումն ուժի մեջ է:
Նա հարցրեց՝ կարո՞ղ ենք ժամկետների մասին տեղեկություն ստանալ: Ի պատասխան ոստիկանն ասաց, որ պետք է սպասել: Ակցիայի մասնակիցների խնդրեցին հնարավորինս արագ կազմակերպել հանդիպումը՝ նշելով, որ «ծագել է երկրորդ խնդիրը, մաքսազերծումը թանկացել է, գանձումներ են կատարվում»:
Զրույցից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել հանդիպման կազմակերպմանը՝ նշելով, որ եթե առաջիկա օրերում Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպեն, իրենք կշարունակեն բողոքի ակցիան, ավելին՝ կպահանջեն ՊԵԿ ղեկավարության հրաժարականը:
«Մեր Հայաստանի կառավարությունն ա, հո թուրք չեն, եկեք սպասենք: Մեծահոգի լինենք, ասել են՝ 3 օր, 5 օր սպասենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:










