Հայտնի է՝ ովքեր են հավակնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին

15:00 • 11.01.19

Հայտնի են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները: Վերջին րոպեին թեկնածուների ցանկին ավելացել են ևս երկուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Մինչ հունվարի 10-ը հայտնի էր երկու թեկնածուի՝ Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի և Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսի մասին:


Բելգիայի ԱԳՆ ղեկավարի աշխատակազմում հաստատել են թեկնածության առաջադրման մասին տեղեկությունը:


«ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալներով՝ թեկնածությունների ներկայացման «դեդլայնից» ժամեր առաջ թեկնածություն է ներկայացրել ևս 2 հոգի՝ Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը և հույն քաղաքական գործիչ Դորա Բակոյանին:


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընտրվում է ԵԽԽՎ-ում ձայների մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով՝ վերընտրման հնարավորությամբ:


Վեհաժողովում թեկնածությունների վերաբերյալ առաջին խորհրդակցությունը կանցկացվի հունվարին: Կանոնադրական մարմնում՝ ԱԳ նախարարների կոմիտեում, թեկնածուների ներկայացումն ու քվեարկությունը տեղի կունենա փետրվարին, այնուհետ թեկնածուների վերջնական ցանկը կուղարկվի ԵԽԽՎ: Հունիսյան նստաշրջանի շրջանակում էլ տեղի կունենա քվեարկությունը:


Նշենք, որ այժմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն է Թյորբյորն Յագլանդը: