Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին մայրուղին՝ հայտարարելով, որ ակցիան վաղը կշարունակեն (լրացված)

21:38 • 11.01.19

21:45

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին մայրուղին, որը մի քանի ժամ փակ էին պահել։  Գեներալ Մանվել Գրիգորյանին անհապաղ կալանավորել պահանջողները նկատեցին, որ իրենց բողոքի ակցիան կայացավ։

Հայտարարվեց, որ ակցիան կշարունակվի վաղը՝ ժամը 10-ից՝ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։

21:38

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։

«Ոչ մի գումարի դեպքում ո՛չ իրեն, ո՛չ Քոչարյանին չի կարելի ազատ արձակել»,- հայտարարեց ցուցարարը։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի՝ արցախյան հերոսամարտին մասնակցությանը, ցուցարարներն ասացին, թե Գրիգորյանին հերոս ասելով վարկաբեկում են իրական հերոսներին։ Ցույցի հետևանքով նաև հարկից փողոցներում խցանում է։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը սկսել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Ըստ այդմ՝ դատարանը պետք է որոշում կայացներ՝ Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր, թե ոչ: Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել՝ պահանջելով նրան կրկին կալանավորել, քանի որ, ըստ նրանց, Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ գտնվելով, իրենից վտանգ է ներկայացնում:

Գրիգորյանն այս պահին գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի իր առանձնատանը: Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

Հիշեցնենք, որ 2018 թ.–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: