Մինչև 2026-ն Օպերայի տարածքում վարձակալության պայմանագիր ունենք. եթե հայտարարի չգանք, կդիմենք դատարան. «Մագնոլիա» ՍՊԸ տնօրենը՝ քաղաքապետարանի որոշման մասին

20:11 • 11.01.19

Մինչև 2026 թ.-ը օպերայի տարածքում վարձակալության պայմանագիր ունենք: Հիմա Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ բանակցությունների մեջ ենք, եթե ընդհանուր հայտարարի չգանք, կարծում եմ՝ դատարանն է լինելու միակ կարգավորողը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մագնոլիա» ՍՊԸ տնօրեն Արսեն Մանուկյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարությանը:

Նշենք, որ «Մագնոլիա» ՍՊԸ-ին են պատկանում «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» սրճարանները:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես «Ազատության» հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Արսեն Մանուկյանը նշեց, որ քաղաքապետարանի ծանուցման համաձայն՝ նախատեսվում է ապամոնտաժել և կանաչապատել միայն «Շոկոլադնիցա» սրճարանի հատվածը: «Այնքան էլ այդպես չէ, որ ըստ օրենքի պետք է մեկ ամիս առաջ լքենք տարածքը: Այնպես չէ, որ մենք պատահաբար ենք հայտնվել այդտեղ: Նախ պայմանագրի մեջ չկա նման կետ, որ իրենք կարող են մասնակի պահանջել, կարող են միայն ամբողջությամբ պահանջել, սա արդեն վիճելի է:

Պայմանագիրը չունի նման կետ, որ քաղաքապետարանը տարածքը կարող է մասնակի հետ վերցնել: Եթե նույնիսկ մասնակի էլ է, դրանից հարցի էությունը չի փոխվում, եթե հաշվի առնենք սեզոնային ֆակտորը: Այն մասը, որն իրենք պահանջում են, այն է, որը մեզ մոտ 12 ամիս աշխատում է, փակ հատվածն է: Բացօթյա հատվածում եթե 3 ամիս աշխատեցինք, բա հետո՞, մնացած  9 ամիսներին ի՞նչ անենք»,- ասաց Արսեն Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 2018 թ.-ին «Մագնոլիա» սրճարանի արդիականացման համար դիմել է Երևանի քաղաքապետարանին և շինթույլտվություն ստացել: Արդիականացման համար ընկերությունը 500 հազար դոլարի չափով վարկ է վերցրել:

«Այդ վարկի մարումը ընկերությունը կազմակերպում է այդ սրճարանի աշխատանքով: Կարելի է ասել, որ մեր բիզնես գործունեությունը կանգնում է փաստի առաջ, դեպի սնանկացում է գնում մեր կազմակերպությունը իրենից բխող հետևանքներով: Աշխատողները գործազուրկ կդառնան, և շատ այլ հարցեր կան»,- նշեց «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրենը: