Միայն պատժելով կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չէ, ինստիտուցիոնալ լուծումներ դեռևս չեմ տեսնում․ փորձագետ

19:52 • 13.01.19

Հակակոռուպցիոն հարցերի փորձագետ Մարատ Ատովմյանը չի հերքում՝ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարին նոր զարկ տրվեց, որը հիմնականում արտահայտվեց կոռուպցիոն բնույթի բավականին աղմկահարույց բացահայտումներով։

Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով՝ այս տարի էլ նման բացահայտումները կշարունակվեն։ Սակայն նա ցավով արձանագրեց, որ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա խնդրին չի տրվում համակարգային լուծում։

«Ցավոք, հիմա ավելի շատ մենք պատժիչ մեխանիզմին ենք տալիս առաջնահերթություն, ու ինստիտուցիոնալ լուծումներ դեռևս չեմ տեսնում, կամ լուրջ քայլեր, որոնք ուղղված կլինեն ինստիտուցիոնալ համակարգի գործիքակազմի ձևավորմանը։ Մեզ մոտ շատ ցածր հիմքի վրա է դրված նաև հակակոռուպցիոն կրթությունը, այն էլ տարիներ ի վեր։ Դպրոցից սկսած բուհերով վերջացրած պետք է ներդնեն հակակոռուպցիոն կրթությունն ու կանխարգելումը»,- ասաց նա։

Ատովմյանի խոսքով՝ համաշխարհային փորձն էլ ցույց է տալիս, որ միայն պատժելն ու կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելը հեռանկարային չեն։ Ըստ նրա՝  պետք է ձևավորել մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին, որը և՛ կրթության, և՛ կանխարգելման, և՛ բացահայտման հարցերով կզբաղվի։

Նա, թեև հասկանում է, որ նոր իշխանությունների ժամանակը բավականին քիչ է եղել համակարգային լուծումներ տալու համար, միևնույն  է, գտնում է, որ պատժից գործողություններին զուգահեռ պետք է գնան ինստիտուցիոնալ լուծումները։

«Հասկանալի է, որ կարճ ժամանակ ունենալով է բացատրվում պատժիչ մեխանիզմի կիրառումը, բայց, ամեն դեպքում, խնդիրը նաև այն է, որ սա չպետք է լինի պայքարի հիմնական ձևը։ Նույն քրեաիրավական մեթոդը, որը կիրառվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հետ կապված, ունի մասնագիտական հարցեր, որոնք պետք է լուծվեն»,- նշեց Մարատ Ատովմյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ ժամանակն է հասկանալ, որ կոռուպցիան հետևանքային երևույթ է, այսինքն՝ հետևանք վատ հանրային կառավարման։ Մարատ Ատովմյանը վստահեցրեց, որ եթե չկարողանանք հանրային կառավարման համակարգ ձևավորել, ապա արդյունքը շոշափելի չի լինի, քանի որ միայն պատժելով կոռուպցիայի դեմ պայքարել  հնարավոր չէ։ Նա, խոսելով ՀՀ համապատասխան օրենսդրական դաշտի մասին, շեշտեց, որ բարեփոխումները պետք է շարունակական լինեն։

«Իմ պատկերացրած հակակոռուպցիոն մարմինը նաև սրանով պետք է զբաղվի։ Այսինքն՝ լուրջ փորձաքննություն պետք է լինի նորմատիվ իրավական ակտերի, որտեղ պետք է կոռուպցիոն ռիսկեր վեր հանեն, որ քայլեր ձեռնարկվեն այդ ռիսկերը վերացնելու ուղղությամբ։ Բնական է, որ չենք կարող ասել, որ մենք չունենք իրավական ակտեր, որ չեն պարունակում բացեր»,- շարունակեց փորձագետը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարտավարությանը, փորձագետը հիշեցրեց, որ սկսած 2003 թ-ից հակակոռուպցիոն բնույթի ռազմավարություն են մշակում, և սա արդեն 4-րդն է։ Նա հեռու է այն մտքից, որ նախորդ ծրագրերն ըստ պատշաճին իրականացվել են։

«2015-2018 թ.-ին հակակոռուպցիոն ռազմավարությունն իրենից ենթադրում էր 4 ոլորտային ռազմավարությունների իրականացում՝ կրթություն, առողջապահություն, հարկահավաքություն, ոստիկանություն՝ քաղաքացիների ծառայության մասով։ Այստեղ էլ պետք է հասկանալ՝ արդյոք համապատասխան գերատեսչություններն իրականացրել են այդ ծրագրերը, եթե չեն իրականացրել, ապա պետք է հասկանալ, թե ինչու, քանի որ դա կառավարության կողմից հաստատված է եղել։ Եթե պարզվի, որ  ինչ-որ միջոցառումներ չեն իրականացվել, ապա ինչու ու ինչ պետք է արվի դրանց  հետ, ընդգրկո՞ւմ են նորի մեջ, թե՞ թողնում են մի կողմ՝ այլ թիրախներ ընտրելով»,-ընդգծեց  Ատովմյանը։

Մարատ Ատովմյանի դիտարկմամբ՝ պետք է հիմքեր ձևավորվեն կոռուպցիայի դեմ պայքարի, որ կոռուպցիայի ֆոնը կախված չլինի անձից։ Նա շեշտեց, որ աշխարհում կոռուպցիան հաղթահարել են այն երկրները, որոնք տվել են համակարգային լուծում, այսինքն՝ այն այլևս չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ այդ լուծումներ առաջարկող ղեկավարն այլևս պետության գլուխ չի եղել։

«Չպետք է լինի Վրաստանի նման, որ Սաակաշվիլիյով պայմանավորված լինի, այլ պետք է համակարգը լուծի։ Հուսով եմ՝ կստեղծվեն ինչ-որ աշխատանքային մասնագիտացված խմբեր, որոնք լուրջ քննարկման կենթարկեն այդ հարցերը։ Այդ մարմինը պետք է լինի հստակ գործառույթներով, որ լինի ոչ թե մեկի ցանկություններին համապատասխան, այլ գործի պետության շահերին համապատասխան»,- եզրափակեց Մարատ Ատովմյանը։

 

ՀեղինակԱնի Օհանյան
Միայն պատժելով կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չէ, ինստիտուցիոնալ լուծումներ դեռևս չեմ տեսնում․ փորձագետ