Արմեն Պապիկյանը նշանակվել է մի շարք միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

16:49 • 14.01.19

Արմեն Պապիկյանը նշանակվել է մի շարք միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Պապիկյանին նշանակել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Պապիկյանի կենսագրությունը: 

Կրթություն

1990-1995 թթ. - սովորել և ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։

2000 թ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։

1999 թ. - վերապատրաստվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում։

2001 թ. - վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում (Հռոմ)։

Աշխատանքային գործունեությունը

1997-1999 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։

1999-2002 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար։

2002-2005 թթ. - ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։

2002-2005 թթ. - Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։

2005-2007 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ։

2007-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։

2011 թ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։

2011 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ): 

2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից: